Կառլեն Խաչատրյանը՝ թանկացումների, սոցիալական խնդիրների և դրանց համատեքստում իշխանության գործողությունների մասին
«Բիզնես 24. ԷՔՍՊԵՐՏ» շարքի հերթական հյուրը տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ԵՊՀ ՏԿՖ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն է։ Մասնագետի հետ զրուցել ենք երկրի ներքին և արտաքին խնդիրների սոցիալական կյանքի վրա ունեցած ազդեցության մասին։ Զրույցում Կառլեն Խաչատրյանը նախ ներկայացրեց առկա խնդիրների սոցիալական բաղադրիչները, այնուհետև սոցիալական բունտի բացակայության պատճառները։
«Փաստացի ժողովուրդը քանիցս հիասթափություն է ապրել և այդ ֆոնին «անիմաստ» է համարում որևէ բան ասելն ու բողոքելը։ Եթե նախկինում թանկացումների պատճառով հասարակական որոշակի ընդվզում կար, ապա վերջին ամիսներին թե էլեկտրաէներգիայի, թե ջրի, թե գազի սակագները բարձրացվեցին, բայց հասարակության կողմից որոշակի ադեկվատ արձագանք չեղավ։ Իշխանությունն էլ դրանից օգտվում է և իր անգործությունը փորձում է գների թանկացմամբ իրականացնել», – ասում է Խաչատրյանն ու նկատում՝ իշխանությունները լիարժեք գործիքակազմ ունեն սոցիալակն խնդիրներին ու մարտահրավերներին դիմակայելու, – «Նոր հեծանիվ հայտնագործելու կարիք չկա. բազմաթիվ են թե օրինակները, թե գործիքներն ու մեթոդները, որոնցով պետությունները տարբեր ժամանակներում ու շրջափուլերում միջամտումներ են կատարել սոցիալակն խնդիրները մեղմելու համար»։
Որպես լուծում՝ Խաչատրյանը Կառավարությանը հորդրում է լավ աշխատել և չօգտվել ժողովրդի ապատիկ տրամադրություններից։ Ապա նկատում է՝ ոչ Արցախյան պատերազմից առաջ, ոչ հետո իշխանությունը նորմալ չի աշխատել, ուստի անկարող է խնդիրներ լուծել։ Ժողովուրդն էլ պետք է ոչ թե համակերպվի թանկացումների հետ, այլ պահանջի, որովհետև առանց դրա իրենց սոցիալական խնդիրները չեն կարող լուծվել, կենսամակարդակն էլ չի բարձրանալու, այլ ընդհակառակը՝ գներն ավելի են բարձրանալու, եկամուտներն էլ մնալու են նույնը։