Տնտեսական

USD BUY - 390.50-1.50 USD SELL - 394.00-1.00
EUR BUY - 419.00-2.00 EUR SELL - 426.00-2.00
OIL:  BRENT - 87.07+0.89 WTI - 83.11+1.71
COMEX:  GOLD - 2254.80+1.78 SILVER - 25.10+1.21
COMEX:  PLATINUM - 923.00+1.21
LME:  ALUMINIUM - 2337.00+2.19 COPPER - 8867.00+0.69
LME:  NICKEL - 16749.00+1.14 TIN - 27451.00+0.28
LME:  LEAD - 2055.00+2.49 ZINC - 2439.00+0.95
FOREX:  USD/JPY - 151.29-0.05 EUR/GBP - 1.0773-0.43
FOREX:  EUR/USD - 1.0773-0.43 GBP/USD - 1.2623-0.03
STOCKS RUS:  RTSI - 1128.26-0.15
STOCKS US: DOW JONES - 39807.37+0.12 NASDAQ - 16379.46-0.12
STOCKS US: S&P 500 - 5254.35+0.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 40168.07-1.46 TOPIX - 2750.81-1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 16541.42+0.91 SSEC - 3010.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 7952.62+0.26 CAC40 - 8205.81+0.01
STOCKS EUR:  DAX - 18492.49+0.08
28/03/2024  CBA:  USD - 394.46-0.25 GBP - 497.65-0.91
28/03/2024  CBA:  EURO - 425.62-1.93
28/03/2024  CBA:  GOLD - 27808.22+146.08 SILVER - 310.90-4.13
«Ամբերդ» մատենաշարի հատուկ համարում ներառված է 17 հոդված. Հոդվածները՝ հակիրճ
13/05/2022 14:23
Կիսվել

«Ամբերդ» մատենաշարի հատուկ համարում ներառված է 17 հոդված. Հոդվածները՝ հակիրճ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հրապարակվել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի համանուն տեղեկագրի այս տարվա երկրորդ՝ հատուկ թողարկումը, որի  խորագիրն է՝ «Ռուս-ուկրաինական հակամարտություն. հայացք Երևանից»:

Հեղինակները համակողմանիորեն վերլուծել են ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր հետևանքները ՀՀ տնտեսության և ֆինանսական շուկայի վրա, այդ համապատկերում դիտարկել տնտեսական մի շարք իրողություններ՝ ներկայացնելով փորձագիտական մոտեցումներ և կարծիքներ:

Համարում ներառված է 17 հոդված: Հոդվածների բովանդակությունը հակիրճ ներկայացնում ենք ստորև:

Հայկ Բեջանյանն ու Նարեկ Կարապետյանն անդրադարձել են ՀՀ տնտեսության վրա ՌԴ փոխարժեքի անկայունության և տնտեսական ճգնաժամի ազդեցություններին:

Ռուս-ուկրաինական հակամարտության և արևմտյան երկրների կողմից կիրառված պատժամիջոցների հետևանքով ՌԴ տնտեսությունը թևակոխում է ճգնաժամի փուլ, որի ազդեցությունը Հայաստանում արդեն իսկ դրսևորվում է փոխարժեքի անկայունությամբ, իսկ տարվա ընթացքում կարող է ամբողջությամբ նյութականանալ։ Հոդվածում, հիմնվելով էկոնոմետրիկ գործիքակազմի վրա, հեղինակները մոդելավորել են ՌԴ տնտեսության զարգացման տարբեր սցենարների դեպքում ՀՀ-ում փոխարժեքի և ՌԴ տնտեսության զարգացումների նկատմամբ զգայուն այլ փոփոխականների հնարավոր փոփոխությունները։ Քանի որ որոշակի հնարավոր դրական ազդեցությունները դեռ չափելի չեն, տրվում են միայն հնարավոր բացասական ազդեցությունների քանակական գնահատականները, ըստ որոնց՝ տարվա ընթացքում տնտեսական աճ ապահովելու հեռանկարը վտանգված է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Էդգար Աղաբեկյանն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմին և ՀՀ ֆինանսական շուկային՝ ներկայացնելով  ռիսկերը և սպասումները:

2022 թ. փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը նոր փորձություն է հայաստանյան տնտեսության և ֆինանսական շուկայի համար։ COVID-19 համավարակով պայմանավորված ճգնաժամից և Արցախյան պատերազմից հետո հարաբերականորեն կայուն վիճակում գտնվող ՀՀ ֆինանսական շուկան մուտք է գործել նոր փորձաշրջան։ Դեռ վաղ է գնահատել ընդհանուր տնտեսության վրա պատերազմի ազդեցությունը, քանի որ անորոշ է ոչ միայն պատերազմական գործողությունների հանգուցալուծումը, այլև տնտեսական պատժամիջոցների հետևանքները։ Հոդվածում սակայն արձանագրվում է, որ ինչպես միջազգային ֆինանսական ու ապրանքային շուկաները, այնպես էլ հայաստանյան ֆինանսական շուկան արձագանքում են տեղի ունեցող գործընթացներին, ինչը, նախ և առաջ, դրսևորվում է տարբեր ֆինանսական գործիքների գնային տատանումներով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Դիանա Տերյանի հոդվածի թեման միջազգային ֆինանսական շուկաների արձագանքն է ռուս-ուկրաինական հակամարտությանը:

Հոդվածագիրը արձանագրում է այն փաստը, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունը, անշուշտ, ազդեցությունն է ունենում ինչպես նշված երկու երկրների, այնպես էլ համաշխարհային տնտեսության և ֆինանսական շուկաների վրա։ Ստեղծված բարձր ռիսկայնության, անորոշության, վատատեսական սպասումների պայմաններում ներդրողները և ֆինանսական կառույցները փորձում են արագորեն արձագանքել անընդհատ փոփոխվող իրողություններին։ Շուկայի մասնակիցները հետևում են շուկայում գերիշխող միտումներին, հեղինակավոր կառույցների կանխատեսումներին, հակամարտող երկրների կողմից ձեռնարկվող քայլերին՝ ուղղված պետական պարտքն առաջիկայում սպասարկելուն, կիրառված պատժամիջոցների հետևանքները մեղմելուն և այլն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Մերի Հովսեփյանն ուսումնասիրել է տնտեսական շոկերն ու հարկաբյուջետային շրջանակը և պարզել՝ արդյոք կդիմանանք ցնցումներին:

Ռուս-ուկրաինական հակամարտությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում զգալի ցնցումներ և անորոշություններ է առաջացրել, որոնք պատճառ են դարձել վերանայելու տարեսկզբին առկա դրական կանխատեսումները։ Այս գնահատականները թեև մինչև տարեվերջ դեռևս բազմակի կճշգրտվեն, սակայն, ըստ այս պահին առկա քանակական գնահատումների, հեղինակը որոշակի պատկերացումներ է տալիս սպասվող տնտեսական զարգացումների մասին, ինչպես նաև հաշվարկների միջոցով որոշում, թե որքանով բացասական զարգացումները կազդեն Հայաստանի բյուջետային համակարգի վրա և ինչ խնդիրների կարող է բախվել հարկաբյուջետային քաղաքականությունը։ Հաշվի առնելով, որ ցնցումները զգալի սպառնալիք են նաև հարկաբյուջետային կայունության համար, հոդվածում գնահատվել է ստացված արդյունքների համապատասխանությունը գործող հարկաբյուջետային կանոններին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Դիանա Գալոյանն ու Թաթուլ Մկրտչյանը համատեղ հոդվածում քննարկել են ռուսական ցորենի արտահանման սահմանափակումները և Հայաստանի «հացի խնդիրը»:

Վերջին տարիներին աշխարհում տեղի ունեցող անկանխատեսելի իրադարձությունների խորապատկերում չափազանց կարևորվում է որոշ երկրների պարենային անվտանգության հարցը։ COVID-19-ի հետևանքով խաթարված տնտեսական կապերն ու մատակարարման շղթաները նախորդ տարի կարգավորման միտումներ էին դրսևորում։ Թեև համաշխարհային շուկան շարունակում էր գործել համավարակի պայմաններում, սակայն արդեն բավականաչափ հարմարվել էր այդ իրավիճակին։ 2021 թ.-ի առանցքային առանձնահատկություններից էր հիմնական ապրանքների գների կայուն աճը, որը հասել էր վերջին 10 տարվա առավելագույն մակարդակին։ Սակայն, համաշխարհային պարենային շուկաներում հաստատված փխրուն կայունությունն արմատապես խաթարեց ռուս-ուկրաինական պատերազմը։ Հոդվածագրերի հավաստմամբ, պարենային ապահովության և բարձր գնաճի հիմնախնդիրներին արդեն իսկ առերեսվել են աշխարհի շատ երկրներ, քանի որ հակամարտող երկու երկրներն էլ պարենային կարևորագույն ապրանքների (ցորեն, եգիպտացորեն, բուսական յուղ և այլն) առաջատար արտադրողներ և արտահանողներ են։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Սամվել Ավետիսյանի հոդվածի թեման ռուս-ուկրաինական ճգնաժամն է՝ որպես Հայաստանի պարենային անվտանգության սպառնալիք:

Միջազգային հարաբերություններում աշխարհի գերտերություններն իրենց շահերի թելադրանքով որպես զենք են օգտագործում նաև տնտեսական ու աշխարհագրական առավելությունները: Ներկա պայմաններում առավել մեծ տեղ է տրվում տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներին: Որպես տնտեսական պատժամիջոցների գործիք են ծառայում հատկապես միջազգային ֆինանսական գործարքների, փոխայցելությունների, ինչպես նաև պարենի և վառելիքի առևտրի սահմանափակումները: Ահավասիկ, նշվածի առարկայական դրսևորումներին ականատես ենք 2022 թ. փետրվարի 24-ին սկիզբ առած ռուս-ուկրաինական ճգնաժամի պայմաններում: Քանի որ գլոբալացումն աշխարհը «ծածկել է» երկրների միջև քաղաքական ու տնտեսական ինտեգրման կապերի «սարդոստայնով», միջպետական հակամարտություններն ազդում են ոչ միայն անմիջական կողմերի, այլև նրանց հետ փոխկապակցված երկրների վրա: Դիցուք՝ ռուս-ուկրաինական հակամարտությունն անդրադառնում է Ռուսաստանի հետ համագործակցող, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների առևտրատնտեսական փոխհարաբերությունների վրա: Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ, այս պարագայում առավելապես ծանր կացություն է ստեղծվում որևէ կենտրոնի հետ սերտորեն փոխկապակցված և այլընտրանքի համեմատաբար պակաս տարբերակներ ունեցող երկրների համար: Ի դեպ, նման իրավիճակում հատկապես խոցելի են սննդամթերքի և վառելիքի ներկրումների լայն բազմազանեցում և մատչելի լոգիստիկ համակարգ չունեցող երկրները:

Հոդվածում, ըստ ընթացիկ տեղեկությունների և հետհայաց վերլուծության, գնահատվում են ռուս-ուկրաինական պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած ճգնաժամի պայմաններում Հայաստանի պարենային անվտանգության սպառնալիքներն ու դրանց հաղթահարման հավանական ուղիները:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Գայանե Թովմասյանն էլ իր հոդվածում պարզել է՝ ՀՀ զբոսաշրջության ոլորտի վերականգնման վրա ինչ ազդեցություն կունենա ռուս զբոսաշրջիկների մեծ հոսքը:

Հոդվածագիրն անդրադառնում է COVID-19 համավարակի հետևանքով ՀՀ զբոսաշրջության ոլորտի կրած վնասներին և հետագա զարգացումներին։ 2020 թ.-ին ՀՀ ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել էր 360338՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 81%-ով։ 2021 թ.-ին իրավիճակն աստիճանաբար շտկվեց, ինչի վկայությունն է այն, որ այդ ժամանակահատվածում ՀՀ է այցելել 870308 ներգնա զբոսա­շրջիկ՝ նախորդ տարվա համեմատ 141%-ով ավելի։ Աճեց նաև ներքին զբոսաշրջիկների թիվը՝ կազմելով 1595826 մարդ՝ 2020 թ.-ի համեմատ 52.6%-ով, 2019 թ.-ի համեմատ՝ 3%-ով ավելի։ 2022 թ.-ի ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակահատվածում ռուսաստան­ցի­ների էական հոսք կա դեպի ՀՀ։ Սա կարճաժամկետում կարող է դրականորեն ազդել մեր երկրի զբոսաշրջության ոլորտի վրա, մինչդեռ տնտեսության առումով, պատերազմի հետևանքները, անշուշտ, բացասական կլինեն։ Ռուսաստանից ժամանածների շրջանում կատարված հարցումները վկայում են, որ նրանք հիմնականում գոհ են հայկական հյուրընկալությունից և դեռևս չեն որոշել՝ որքան ժամանակ կմնան այստեղ։ Ուստի, նրանց համար հարկ է մշակել գրավիչ զբոսաշրջային փաթեթներ դեպի ՀՀ տարբեր դեստի­նացիաներ։ ՀՀ-ն կարող է լինել նաև «շոփինգ» զբոսաշրջության երկիր ռուսաստանցիների համար, ինչպես նաև տարանցիկ զբոսաշրջության վայր։ Հեղինակի համոզմամբ, դեռ շատ վաղ է հստակ կանխա­տեսումներ անել, թե 2022 թ.-ին որքան ռուս զբոսաշրջիկ կայցելի մեր երկիր. ամեն ինչ կախված է նրանից, թե պատերազմական իրավիճակը և դրա հետևանքով մյուս սահմանա­փակումներն ու պատժամիջոցները ինչքան երկար կշարունակվեն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Արաքսյա Բարսեղյանն էլ իր հոդվածում ներկայացնում է՝ արդյոք Երևան քաղաքը պատրաստ է ընդունելու մեծ թվով ռուսաստանաբնակների:

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները պատճառ են դարձել, որ մեծ թվով ռուսաստանաբնակներ ժամանեն Երևան: Հաշվի առնելով ՀՀ մայրաքաղաքում բնակչության և սոցիալ-տնտեսական կյանքի կենտրոնացման բարձր մակարդակը՝ ռուսաստանաբնակների մեծ ներհոսքը ոչ միայն կարող է սրել Երևանում առկա հիմնախնդիրները, այլև առաջացնել նորանոր դժվարություններ ու հարցեր:

Հոդվածում բացահայտվել է, թե ինչու են ռուսաստանաբնակները նախընտրում ապրել կամ գործունեություն ծավալել հենց Երևանում, ինչպես նաև առաջարկվել է որոշ խնդիրներից խուսափելու նպատակով նրանց հոսքն ուղղել դեպի մարզեր։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Սուսաննա Աղաջանյանն էլ ուսումնասիրել է նոր տուրբուլենտությունը դեղագործական շուկայում կամ խուճապային պահանջարկն ապակայունացնում է ապրանքաբաշխիչ ցանցը:

Ո՛չ դեղամիջոցները, ո՛չ էլ բժշկական արտադրատեսակները, որոնք ներկրվում են Ռուսաստան, չեն հայտնվել պատժամիջոցների տակ: Որոշ դեղագործական «հսկաներ» հայտարարել են Ռուսաստանի դեղաշուկայում աշխատելու կամ մատակարարումները շարունակելու, միաժամանակ՝ հետագա ներդրումները սահմանափակելու մասին: Բայց այսօր, ինչպես COVID-19 hամավարակի սկզբին, արծարծվում են գրեթե նույն խնդիրները. լոգիստիկ շղթաների խափանում, դեղահումքի, փաթեթավորման նյութերի պակաս, գների փոփոխություն և այլն: Դեղամիջոցները, թեկուզ տարբեր ապրանքային անվանումներով, չեն պակասի դեղատներից: Գրեթե այն, ինչ ներմուծվում էր, էլի կներմուծվի, հարցը գնի և գնողունակ պահանջարկի մեջ է: Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառումը, ԱՄՆ դոլարի և եվրոյի փոխարժեքի տատանումները կանդրադառնան նաև դեղագործական շուկայի վրա՝ ոչ այնքան դեղերի պակասի, որքան ակնկալվող գնաճի տեսանկյունից: Իսկ այս պայմաններում գների աճը բիզնեսի շարունակականությունը պահպանելու միջոց է: Հեղինակը կարևորում է այն հանգամանքը, որ տեղական ընկերությունները վերանայեն իրենց միջազգային գործընկերության հնարավորությունները՝ ընդլայնելով դրա շրջանակները, ռազմավարական դեղապահովման տեսանկյունից՝ զարկ տան տեղական արտադրությանը, ինչպես նաև հնարավորություն ընձեռեն վերազգային կորպորացիաներին՝ տեղայնացնելու իրենց արտադրությունը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Ռուզաննա Թադևոսյանն անդրադրձել է ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը տրանսֆերտների վրա:

Հոդվածում ուսումնասիրվել է ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների ազդեցությունը ՀՀ եկող տրանսֆերտների վրա։ Ավանդաբար, տրանսֆերտները կարևոր նշանակություն ունեն ՀՀ տնտեսության համար, ու թեև տրանսֆերտներ/ՀՆԱ հարաբերակցությունը վերջին տարիներին կրճատման միտում է դրսևորում, սակայն դեռևս շարունակում է բարձր մնալ։ ՀՀ տնտեսության համար տրանսֆերտների գլխավոր աղբյուրը ՌԴ-ն է, որի տեսակարար կշիռը ևս նվազում է՝ այդուհանդերձ, պահպանելով իր գերակշռող դերը։ Ակնհայտ է, որ պատժամիջոցները կխթանեն ՌԴ-ում գործազրկության մակարդակի աճը, որն էլ, քանակական առումով, դարձյալ կհանգեցնի տրանսֆերտների կրճատմանը։ Վերջինս շղթայական ազդեցություն կունենա նախ՝ տնային տնտեսությունների սպառման, այնուհետև պետության հարկային եկամուտների վրա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Տաթևիկ Վարդանյանն իր հոդվածում ուսումնասիրել է աշխարհի ու Հայաստանի միգրացիոն հոսքերը՝ ռուս-ուկրաինական հակամարտության համապատկերում:

Մարդկության պատմության ողջ ընթացքն ապացուցում է, որ պատերազմները կործանարար են բոլոր կողմերի համար։ Պատերազմն իր ճանապարհին ավերում է ամեն ինչ՝ մարդկային կյանքեր, տնտեսական համակարգեր ու ենթակառուցվածքներ, սոցիալական կապիտալ։ Իրականում գնահատել, թե ինչպիսին է պատերազմի տնտեսական «գինը», բավական բարդ է, քանի որ անհրաժեշտ է հասկանալ, թե որքան կկազմեին երկրի եկամուտները պատերազմ չլինելու պարագայում։ Պատերազմի տնտեսական հետևանքների կարևորագույն առանցք են դրանից բխող միգրացիոն ճգնաժամը հակամարտող երկրներում և դրա տարածման շրջանակն ամբողջ աշխարհում։ Այս առումով, 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը կերպարանափոխում է միգրացիոն գործընթացներն ու իրավիճակն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։

Հեղինակը կարծում է, որ ռուս-ուկրաինական իրադարձությունների հետևանքով ստացվել է այնպես, որ Հայաստանը հնարավորություն ունի դառնալու միգրանտներ ընդունող երկիր։ Այդուհանդերձ, զարգացման նման սցենարի իրագործման համար բավական լուրջ ջանք է պահանջվում՝ պետական հստակ քաղաքականության իրականացմամբ և արդյունավետ կառուցակարգերի ներդրմամբ։ Իսկ թե համապատասխան գերատեսչությունը որքանով ճկուն ու թիրախային կգտնվի ու կկարողանա օգտվել տնտեսագիտության մեջ հայտնի՝ «ջարդված պատուհանի» սկզբունքից, Հայաստանը դարձնելով միգրացիայի նպատակակետ երկիր, ցույց կտա միայն ժամանակը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Շուշան Մովսիսյանի հոդվածի թեման Հայաստան-Ուկրաինա առևտուրն է՝ ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում:

Ռուս-ուկրաինական ճգնաժամն՝ ի դեմս Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողությունների, ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների, խաթարել է համաշխարհային մատակարարումների շղթան։ Ուկրաինան պարենային ապրանքների առաջատար մատակարարներից մեկն է համաշխարհային տնտեսության մեջ։ Ապրանքների մատակարարումներն Ուկրաինայից դադարեցվել են արտադրության ընդհատման, նավահանգիստների փակման, թռիչքների չեղարկման պատճառով, հետևապես՝ կարևոր է հասկանալ այս երկրի դերը ՀՀ տնտեսության մեջ և պատերազմի հնարավոր ազդեցությունը երկկողմ տնտեսական կապերի վրա։  Ուկրաինան ներմուծման գծով 6-րդ, արտահանման գծով 16-րդ ՀՀ խոշոր գործընկերն է։ Հիմնականում ներմուծվում են պարենային ապրանքներ (ծխախոտ, թռչնամիս, ոչ ալկոհոլային ըմպելիքներ, հացաբուլկեղեն և հրուշակեղեն)։ Հոդվածում ուսումնասիրվել են Հայաստան-Ուկրաինա առևտրային կապերն ու ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր ազդեցությունը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Թերեզա Շահրիմանյանն իր հոդվածում քննարկել է մարտահրավերնեն ու արտահանման ընդլայնման հնարավորությունները՝ ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում:

Հայաստանը բազմաշերտ կապերով շաղկապված է Ռուսաստանի հետ, հետևաբար՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը չի կարող անհետևանք անցնել Հայաստանի համար: Տիրող իրավիճակում հնարավոր է իրականացնել միայն կարճաժամկետ ծրագրավորում, որը կբխի ստեղծված պայմաններից: Այս պահին Հայաստանը պետք է փորձի ռուսական շուկայի առջև ծառացած մարտահրավերն օգտագործել որպես արտահանման ծավալների ընդլայնման հնարավորություն: Ռուսական շուկան լքած տարբեր ապրանքանիշների պակասը լրացնելու նկատառումով Հայաստանը կարող է բազմապատկել իր ներուժը՝ ընդլայնելով արտահանման ծավալները հետևյալ ապրանքների մասով՝ գարեջուր, օղի, հրուշակեղեն, հանքային ջուր, բնական հյութ, ժամացույց, ծխախոտ, կոսմետիկա և հագուստ: Այս պարագայում առաջնային քայլերից պետք է լինեն առկա արտադրական հզորությունների օգտագործումը, ավելի շատ արտադրանքների թողարկումն ու արտահանումը: Հեղինակի կարծիքով, այս կերպ հնարավոր կլինի նախ՝ աջակցել մեր կարևոր գործընկեր երկրին՝ լրացնելու շուկայում առկա բացը, երկրորդ՝ մեր երկրին ավելի շատ եկամուտ բերել և երրորդ՝ դիրքավորվել ռուսական շուկայում՝ ապագային միտված ռազմավարությամբ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Վահե Բուլանիկյանն էլ ուսումնասիրել է ուկրաինական ճգնաժամը՝ կառավարելի քաոսի համատեքստում:

Հոդվածում անդրադարձ է կատարվել ներկայիս ռուս-ուկրաինական հակամարտության նախապատմությանը: Համոզմունք է հայտնվել, որ վերջինս տեղավորվում է «կառավարելի քաոսի» տեսության շրջանակներում: Հետաքրքրականն այն է, որ «կառավարելի քաոսի» տեսության սկզբունքները, որոնց կիրառման առումով մինչ այժմ գերիշխող երկիր է եղել ԱՄՆ-ը, այժմ փորձում է օգտագործել Ռուսաստանը՝ Ուկրաինայում: Հեղինակի կարծիքով՝ համաշխարհային այսպիսի անկայունության պայմաններում ՀՀ-ն պետք է դիրքավորվի այնպես, որ, նախևառաջ, չվնասի սեփական ազգային շահերը: Իսկ դա ենթադրում է քաղաքական և տնտեսական «ճակատներում» վարել, այսպես կոչված, «սպասողական» քաղաքականություն, տուրք չտալ «հարևան» երկրների սպառնալիք պարունակող «հաշտության» պայմանագրերին, քանի որ անհրաժեշտ է հասկանալ գերտերությունների հեռահար նպատակները տարածաշրջանային անկայունության հանգուցալուծման հարցում։ Այս տեսանկյունից, միշտ պետք է հիշել, որ յուրաքանչյուր երկիր գլոբալ քաոսի պայմաններում փորձում է ամրացնել իր դիրքերը՝ տպավորություն ստեղծելով, որ ինքը նույնպես «տեղավորվում» է այդ «խաղի կանոններում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Համազասպ Գալստյանն ուսումնասիրել է, թե ինչպես է դիրքավորվում աշխարհը՝ ռուս-ուկրաինական թնջուկի պայմաններում:

Հետհամավարակային աշխարհում տեղի ունեցող քաղաքական, ռազմական կամ տնտեսական յուրաքանչյուր իրադարձություն ունակ է հիմնովին փոխելու մեր պատկերացումներն ինչպես տվյալ իրադարձության ակունքների պարզաբանման, այնպես էլ դրա շարժառիթների գնահատման ու վերջնական արդյունքի կանխատեսման առումով։ Եվ ահա դեռևս ամբողջապես չձերբազատված COVID-ի վախերի և երկփեղկվածության մղձավանջից, աշխարհը, ի դեմս ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության, ընկղմվում է մի նոր մղձավանջի մեջ, և ի տարբերություն նախորդի, այս դեպքում չկա անգամ համընդհանուր միասնական դիրքորոշում տվյալ իրադարձության նկատմամբ նույնիսկ այն միավորումների կամ կազմակերպությունների պարագայում, որոնց համախմբված կարծիքը նմանատիպ «ֆորս մաժորներում» կամ ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ կերպով օգտագործում էր որպես հիմնական «հաղթաթուղթ»։ Յուրաքանչյուր ռազմական բախում արդեն իսկ արհավիրք է՝ մարդկային և նյութական կորուստների բավարար չափաբաժնով։ Անկախ ծավալներից, բոլոր բախումներն ունեն ընդհանրություն՝ կրկնվելու մեծ հավանականություն, քանի որ հաղթողի ու պարտվողի դերաբաշխումը չափազանց հարաբերական է տարածության և ժամանակի մեջ։ Ցավոք, նմանօրինակ փուլային որոգայթում հայտնվեց նաև Հայաստանը, որն այս պահին ունի Արցախյան չլուծված հիմնախնդիր, հարևան չորս երկրներից առնվազն երկուսի հետ՝ ոչ բարիդրացիական հարաբերություններ։ Գիտակցելով ռազմական ճանապարհով հիմնահարցը վերջնականորեն լուծելու անհնարինությունը, ինչպես նաև հասկանալով ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության հանդեպ մեր դիրքավորումից բխող հետևանքները՝ մեզ անհրաժեշտ է սեղմ ժամկետում կատարել արտաքին և ներքին միջավայրերի հնարավորինս ճշգրիտ վերլուծություն՝ հավանական ելքերի սցենարների մշակմամբ։ Առանց դրա հնարավոր չէ աշխարհակարգի փոփոխության փուլի այս բարդ իրավիճակից դուրս գալ մեղմ «քերծվածքներով»։ Հեղինակի համոզմամբ, մեր հետագա գործո­ղությունների «ճանապարհային քարտեզի» և ժամանակացույցի կազմման համար, նախ և առաջ, պետք է հստակ կերպով պատկերացնել, թե ռուս-ուկրաինական հակամար­տության հանդեպ ինչպես են դիրքավորվել աշխարհի պետությունները, տարածա­շրջանները, ու ինչ շարժառիթներով և դրդապատճառներով են նրանք առաջնորդվում։ Պետք է նաև հաշվի առնել, որ դրանից բխող իրավիճակները Հայաստանի համար ոչ միայն կենսական են լինելու իրենց էությամբ, այլև ունենալու են ընդգծված գոյապահպանական բաղադրիչ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Ալբերտ Հայրապետյանը ներկայացրել է ուկրաինական իրադարձությունները՝ միջազգային իրավունքի լույսի ներքո:

Միջազգային հարաբերությունների տեսության նեոռեալիզմի կամ նորդասական դպրոցի ներկայացուցիչների կարծիքով միջազգային հարաբերությունների համակարգը անարխիա­կան է։ Նորդասական տեսաբանները անարխիայի (անիշխանության) առկայությունը բա­ցատ­րում են միջազգային հարաբերություններում ներպետական հարաբերություններին բնո­րոշ կարգ ու կանոն հաստատող սուբյեկտի բացակայությամբ։ Սակայն, նույնիսկ անարխիայի համակարգում առկա են խաղի որոշակի կանոններ, որոնք էլ, համակարգի անարխիկ բնույթով պայմանավորված, հաճախ անտեսվում են, ինչն էլ վերստին ապացուցում է այն պնդումը, որ պայմանագրերը կենսունակ են այնքան ժամանակ, քանի դեռ գործում են դրանցում ամրագրված պայմանները։

Հոդվածում ներկայացվում են միջազգային իրավական այն հիմնարար փաստաթղթերը, որոնք անտեսվել են ուկրաինական իրադարձությունների ժամանակ։ Փաստերի վերհան­մանն ու վերլուծմանը հաջորդում է առաջարկությունների համախումբ, որին, հեղինակի համոզմամբ, համոզ­մամբ, պետք է հետևի պաշտոնական Երևանը՝ հատկապես բազմակողմ դիվանագիտության մեջ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Եզրափակելով «Ամբերդ» տեղեկագրի հատուկ համարը՝ Վահրամ Հովյանը ամփոփել է ուկրաինական ճգնաժամի դասերը

Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հանգուցալուծումը դեռևս վերջնականապես հստակ չէ, բայց արդեն իսկ կարելի է որոշակի հետևություններ կատարել։ Հեղինակի կարծիով, առաջինն այն է, որ Ռուսաստանը ռազմավարական գերակայություն ունի հետխորհրդային տարածքում։ Հետևաբար՝ նրան հակադրվելը հավասարազոր է ինքնասպանության կամ ինքնախեղման՝ ի դեմս տարածքային կորուստների։ Եվ երկրորդ՝ չպետք է չափազանցված ակնկալիքներ ունենալ Արևմուտքից (ՆԱՏՕ, ԵՄ, առանձին գերտերություններ)։ Ինչպես հերթական ան­գամ ցույց տվեց Ուկրաինայի օրինակը, նման հույսերը, վաղ թե ուշ, հանգեցնում են հիասթափության։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

28/03/2024
դրամ
Դոլար (USD)
394.46
-0.25
Եվրո (EUR)
425.62
-1.93
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.23
+0.18
27808.22
+146.08
Արծաթ
310.90
-4.13