ՊԵԿ. Օդային ճանապարհով փորձ է արվել հանրապետություն ներմուծել չգրանցված դեղորայք
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը չգրանցված դեղերի և դեղագործական արտադրանքի՝ Հայաստանի սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում հայտնաբերել և կանխել են ՀՀ-ում չգրանցված տարբեր տեսակի դեղամիջոցների անօրինական ներմուծումը:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները մաքսային հսկողություն են իրականացրել Թուրքիայից Հայաստան ժամանած ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ։ Իրականացված հսկողության արդյունքում՝ վերջիններիս պատկանող ուղեբեռներում, հայտնաբերվել են լատինատառ գրառումներով տարբեր տեսակի չգրանցված դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր, իսկ վերոնշյալ քաղաքացիների անձնական զննման արդյունքում բաճկոնների ներքին գրպաններից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված օնկոլոգիական դեղեր:
Նշված դեպքերով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ և 203-րդ հոդվածների իրավախախտման հատկանիշներով նախապատրաստվել են նյութեր, որոնք փոխանցվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն: