ԱՄՀ. «ԵՎՐՈՊԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՐՈՂ Է ՎՆԱՍԵԼ ՆԱԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻՆ»
Եվրոպայի ֆինանսական շուկաներում աճող լարվածությունը, տարածաշրջանում խորացող պարտքային խնդիրները, ինչպես նաև ԱՄՆ տնտեսության աճի տեմպերի անկման միտումները կարող են զգալի բացասական ազդեցություն թողնել ասիական երկրների տնտեսական զարգացումների վրա: Այսպիսին են Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) վերլուծաբանների կանխատեսումները` Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ընդհանուր տնտեսական զարգացումների վերաբերյալ:
Ինչպես նշվում է ԱՄՀ-ի կողմից այսօր հրապարակված նոր` Regional Economic Outlook զեկույցում` ասիական երկրները, չնայած որ բավականին հեռու են գտնվում եվրոպական ճգնաժամի «էպիկենտրոնից», այնուամենայնիվ, ինտեգրացիայի բարձր մակարդակով պայմանավորված, ենթակա են այս ճգնաժամի բացասական ազդեցությանը:
«Եվրոպական երկրներում ասիական արտադրանքի նկատմամբ պահանջարկի անկումն ու ասիական երկրների արտահանման ծավալների կրճատումը, ինչպես նաև ճգնաժամի պայմաններում եվրոպական բանկերի կողմից միջպետական վարկավորման ծավալների սահմանափակումները կարող են ասիական երկրների տնտեսություններում առաջ բերել նոր ցնցումներ», – նշվում է ԱՄՀ զեկույցում:
Միևնույն ժամանակ, ըստ ԱՄՀ վերլուծաբանների` ասիական երկրներն ունեն իրենց «անվտանգության բարձիկը», որը կօգնի հաղթահարել հնարավոր ճգնաժամը: Խոսքն այստեղ, իհարկե, Չինաստանի տնտեսության մասին է: