
ՏՄՊՊՀ – «ՖԼԵՇ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է «ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւս մեկ դիմում է ստացել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեության վերաբերյալ, այս անգամ` «Ֆլեշ» ընկերությունից:
«Ֆլեշը» դիմել է Հանձնաժողով, նշելով, որ բեռնափոխադրումներն իրականացնելիս ուշացումներ են լինում, բացի այդ, բավականին մանրամասնորեն նշել է ծառայությունների համար գանձող վարձավճարների կտրուկ բարձրացման մասին: Ընդ որում` ըստ դիմումատուի, խոսքը գնում է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող բեռների (բենզին, դիզելային վառելիք) մասին: «Ֆլեշ» ընկերությունը կարծում է, որ ««Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը օգտվում է իր մենաշնորհային կարգավիճակից»:
«Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության վերաբերյալ օրերս նաեւ հրապարակումներ եղան մամուլում:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ, Հանձնաժողովը երկաթուղային փոխադրումների շուկայում վարույթ է հարուցել «Տարիել եւ որդիներ» ընկերության դիմումի հիման վրա: Դիմումը եւ մամուլի հրապարակումները կցվել են վարույթի նյութերին: