Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը վերականգնված է
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարի վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Այս պահի դրությամբ՝ Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը վերականգնված է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հունվարի 12-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը խափանվել էր` Հայաստանից Արցախ եկող միակ մալուխի վնասման պատճառով։