ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՌԱՄՅԱ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Կառավարությունը այսօր հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եռամյա ռազմավարությանը: Փաստաթուղթը մշակվել է ՀՀ կառավարության 2008թ. հուլիսի 18-ի N870-Ն որոշման համապատասխան: Այն համահունչ է նաեւ ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 28-ի N380-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նպատակադրումներին: Ռազմավարության համաձայն, նախարարության առաջիկա առաքելություններն են համարվում` կառավարման արդյունավետ եւ թափանցիկ համակարգի ստեղծումը, տնտեսության կայուն եւ համաչափ զարգացման, արտադրողականության աճի համար բարենպաստ մրցակցային միջավայրի ձեւավորումը, գործարար եւ ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծումը, պետություն-մասնավոր հատված կառուցողական համագործակցության ապահովումը, մրցունակության բարձրացմանը զուգընթաց Հայաստանի ինտեգրումը համաշխարհային տնտեսության մեջ, ինչպես նաեւ տնտեսության գերակա ոլորտների զարգացման միջոցով երկրի արդյունաբերական նկարագրի ձեւավորմանն ու ամրապնդմանն ուղղված դիվերսիֆիկացված արդյունաբերական քաղաքականության մշակումն ու իրականացումը, անցումը ռեսուրսախնայող եւ գիտատար տնտեսության եւ այլն: Նշվել է նաեւ, որ ռազմավարությունը կարեւոր հիմք է հանդիսանալու ընտրված թիրախներին հասնելու հստակ աշխատանքային ծրագրերի մշակման գործում, որտեղ յուրաքանչյուր մարտավարության շրջանակում կամրագրվեն հասցեական գործողություններ եւ անհրաժեշտության դեպքում` օրենսդրական փաթեթներ: