ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱՎԹԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է
2012 թվականի հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով Ադրբեջանի ՀՆԱ-ի ծավալը կազմել է 16.6 մլրդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 21.12 մլրդ ԱՄՆ դոլար): 2011 թվականի առաջին չորս ամիսների համեմատությամբ ցուցանիշն աճել է 0.3%-ով: Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեն:
Ըստ հրապարակված տվյալների՝ հաշվետու չորս ամիսներին երկրի ՀՆԱ-ի ընդհանուր ծավալի 68.5%-ը ձևավորվել է արտադրության ոլորտում, 25.3%-ը՝ ծառայությունների ոլորտում:
Հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Ադրբեջանի տնտեսության նավթային ոլորտում գրանցվել է արտադրության ծավալների 6.4% անկում, իսկ ոչ նավթային ոլորտում՝ 9.5% աճ:
Նշենք նաև, որ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով Ադրբեջանի ՀՆԱ-ի ծավալը՝ երկրի բնակչության մեկ շնչի հաշվով, կազմել է 2315 ԱՄՆ դոլար: