GOOGLE + MOTOROLA. ՄՆԱՑ 2 ՕՐ
Ամերիկյան ինտերնետային հսկան՝ Google-ը, առաջիկա երկու օրերի ընթացքում վերջնական ավարտին կհասցնի բջջային սարքավորումների արտադրության ոլորտում հայտնի Motorola Mobility ընկերության գնման գործարքը: Ինչպես հայտնում են ամերիկյան աղբյուրները՝ այս մասին նշվում է Motorola-ի կողմից ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) ներկայացված փաստաթղթերում:
Նշենք, որ գործարքն արդեն ստացել է անհարժեշտ բոլոր թույլտվությունները: Չինաստանի Առևտրի նախարարության հակամենաշնորհային բյուրոն Google-ի կողմից Motorola-ի գնման գործարքը հաստատել էր անցյալ շաբաթ, իսկ ամերիկյան և եվրոպական վերահսկող մարմիններն իրենց թույլտվությունը տվել էին դեռևս փետրվար ամսին:
Հիշեցնենք, որ Motorola-ի գնման իր մտադրության մասին Google-ը հայտարարել էր 2011 թվականի օգոստոսին: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 12.5 մլրդ դոլար:
Հատկանշական է, որ գործարքի կայացման արդյունքում Google-ին կանցնեն շուրջ 24 հազար արտոնագրված արտադրանքներ և տեխնոլոգիաներ: