ԱՄՀ-Ն ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է 6.2% ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
2012 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 6,2%-ով: Այսպիսին է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նոր՝ վերանայված կանխատեսումը: Նշենք, որ Հայաստանի տնտեսության վերաբերյալ իր նախորդ գնահատականներում ԱՄՀ-ն ընթացիկ տարվա համար կանխատեսել էր ՀՀ տնտեսության 3.8% աճ:
Ինչպես նշվում է սեպտեմբերի 5-ից 18-ը աշխատանքային այցով Երևանում գտնվող ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի պաշտոնական հայտարարության մեջ՝ 2013 թվականի համար ԱՄՀ-ն կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի 4.3% աճ:
Մարկ Հորթոնի գնահատմամբ՝ մեր երկրում մակրոտնտեսական ցուցանիշներն սկսել են դրսևորել դրական միտում՝ շնորհիվ լավ բերքի և հանքարդյունահանման ու սպասարկման ոլորտներում գրանցված դրական դինամիկայի: Միևնույն ժամանակ, ԱՄՀ ներկայացուցիչը նշում է, որ կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ առաջընթաց կա, թեև ցանկալիից դանդաղ տեմպերով:
Սպասվում է նաև, որ 2012-2013թթ. գնաճը կգտնվի ՀՀ Կենտրոնական բանկի սահմանած միջակայքում (4±1.5%):