ԻՍՊԱՆԻԱՆ ՍՏԱՑԵԼ Է 39.5 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Եվրոպական ESM կայունության հիմնադրամը Իսպանիային տրամադրել է 39,5 մլրդ եվրոյի ֆինանսական օգնություն՝ երկրի բանկային համակարգի վերակազմավորման նպատակով: Այս մասին հաղորդում է RTVE հեռուստաընկերությունը:
Հիշեցնենք, որ ֆինանսական օգնություն ստանալու խնդրանքով Իսպանիան պաշտոնապես դիմել էր դեկտեմբերի 3-ին:
Ֆինանսական միջոցների մեծ մասը կուղղվի իսպանական ազգայնացված չորս բանկերի՝ Bankia-ի, Novagalicia-ի, CatalunyaCaixa-ի և Banco de Valencia-ի վերակազմավորմանը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսին Եվրահանձնաժողովը հավանության էր արժանացրել Իսպանիայի բանկերի վերակազմավորման ծրագիրը:
Եվրոգոտու երկրների շարքում գործազրկության մակարդակը ամենաբարձրը շարունակում է մնալ Իսպանիայում: 2012 թվականի երրորդ եռամսյակի արդյուքներով ցուցանիշը կազմել էր 25%: