Ավստրիան հայտնել է, որ արևմտյան ընկերությունների 95%-ը դեռևս գործում է Ռուսաստանում
Արևմտյան ընկերությունների մոտ 95%-ը, այդ թվում՝ ավստրիական, դեռևս գործում է Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ մամուլի ասուլիսում։
Նախարարը միաժամանակ ասել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ բոլոր պատժամիջոցները պետք է ամբողջությամբ պահպանվեն։
«Մենք բացահայտորեն խոսում ենք այդ թեմայի շուրջ մեր գործընկերների, Եվրամիության և մեր ամերիկացի ընկերների հետ»,- ասաց նախարարը։
Ավելի վաղ EUObserver պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ գանձապետարանը նախազգուշացրել է ավստրիական Raiffeisen բանկին, որ այն սպառնում է կտրվել ԱՄՆ ֆինանսական համակարգից, եթե այն շարունակի գործել Ռուսաստանի Դաշնությունում՝ դրանով, ըստ Վաշինգտոնի, օգնելով ռուսական բանակին։