
ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՆ ԽՈՐԸ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է
Իսպանիայի անշարժ գույքի շուկայի անկումը կշարունակվի: Նման կանխատեսում են ներկայացրել երկրի առաջատար վերլուծական ընկերություներն՝ ընդգծելով, որ ոլորտի բացասական զարգացումները կհանգեցնեն անշարժ գույքի շուկայում գործունեություն ծավալով ընկերությունների թվի կրճատման:
Նշենք, որ ճգնաժամային 2008 թվականից ի վեր Իսպանիայում սնանկ է ճանաչվել շուրջ 19 հազար շինարարական ընկերություն:
Ինչպես փաստում են վերլուծաբանները՝ Իսպանիայի անշարժ գույքի շուկայի ներկայիս խնդիրները պայմանավորված են «գերարտադրությամբ»: Ըստ վիճակագրության՝ 1997-2006թթ. ընկած ժամանակահատվածում Իսպանիայում տարեկան կառուցվել է մոտ 675 հազար բնակարան, ինչը գերազանցել է այս նույն ժամանակահատվածում Ֆրանսիայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում կառուցված բնակարանների թիվը՝ միասին վերցրած:
Պաշտոնական գնահատմամբ՝ ներկայում Իսպանիայում կա շուրջ 700 հազար չբնակեցված նորակառույց բնակարան: Ըստ վերլուծաբանների՝ ցուցանիշը հասնում է 2 մլն-ի: