ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՌԻՍԿԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ապրիլի 5-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) օրենսդրության, բանկերի եւ ֆինանսների գծով կոմիտեի նիստը՝ «Ռիսկերի կառավարում. ինչպես չպարտվել համաշխարհային էներգետիկ շուկայի վերաձևափոխման պայմաններում» թեմայով:
ԵԳԿ-ի Կոմիտեի նիստին մասնակցել են գազաէներգետիկ, ֆինանսական, բանկային եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ արտասահմանյան մի շարք երկրներից, այդ թվում՝ «Գազպրոմ», «ՆԻԻգազէկոնոմիկա», «Գազպրոմ Տրանսգազ Մոսկվա», «Մոլդովագազ», Wintershall Holding GmbH, BNP PARIBAS, Credit Agricole, PricewaterhouseCoopers, UBS, JPMorgan, Sakhalin Energy ընկերություններից եւ մի շարք այլ կազմակերպություններից:
Բացման ելույթում «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ-Ֆինանսատնտեսական դեպարտամենտի պետ, ԵԳԿ օրենսդրության, բանկերի եւ ֆինանսների գծով կոմիտեի նախագահ Անդրեյ Կրուգլովը նշել է, որ այսօր էներգետիկայի ոլորտում աշխատող ընկերությունները էներգետիկ շուկայի բազմատեսակ փոփոխությունների ականատես են դառնում:
«Նման մարտահրավերները չպետք է աննկատ մնան, եթե մենք չենք ցանկանում պարտվել համաշխարհային էներգետիկ շուկայի վերաձևափոխման պայմաններում: Այսօրվա պայմաններում էներգետիկ ընկերությունները պետք է հատուկ տեղ հատկացնեն ռիսկերի կառավարմանը, ինչը թույլ կտա ավելի կայուն դիրք ունենալ շուկայում, չպարտվել սպառողի համար կոշտ մրցակցային պայքարում», – ասել է Ա.Կրուգլովը:
Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահի տեղակալ-Ֆինանսատնտեսական դեպարտամենտի պետի խոսքով, մրցակցային առավելություններից մեկն այսօր դառնում է կառավարչական որոշումների ընդունման օպերատիվությունը: «Իսկ այդ մրցակցային առավելությունն ամրապնդելուն օգնում է տեղեկատվական կառավարչական համակարգերի լայն կիրառումը», – նշել է Ա.Կրուգլովը:
Ելույթի խոսքով հանդես է եկել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, ով ընդգծել է, որ Եվրոպական գործարար կոնգրեսի օրենսդրության, բանկերի եւ ֆինանսների գծով Կոմիտեի նիստն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Հայաստանում: «Սա, անկասկած, հաստատում է փոխվստահության այն բարձր մակարդակը, որն առկա է «Գազպրոմ»-ի եւ «ՀայՌուսգազարդ»-ի, ինչպես նաև մեր արտասահմանյան գործընկերների միջև, և միաժամանակ վկայում է «ՀայՌուսգազարդ» ընկերության գործունեության ու փորձի հանդեպ նրանց հետաքրքրության մասին», – ընդգծել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը:
Վ. Հարությունյանը շեշտել է Եվրոպական գործարար կոնգրեսի շրջանակում անցկացվող գործարար կանոնավոր քննարկումների կարեւոր դերակատարությունը: «Նման քննարկումները թույլ են տալիս գտնել եւ մշակել մեր գործունեության ընթացքում առաջացող խնդիրների լուծման գործնական մեխանիզմներ եւ փոխանակվել տեղեկատվությամբ: Վերջին հանգամանքը պակաս կարեւոր չէ, քանի որ ժամանակակից մենեջերը, որը լիարժեք կերպով չի տիրապետում տեղեկատվությանը, կարելի է ասել՝ անզեն է», – ասել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ Կոմիտեի նիստի շրջանակում գործարար քննարկումը օգտակար կլինի նաեւ տեղեկատվական փոխանակման տեսանկյունից:
Նիստի հիմնական զեկուցող՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ֆինանսների և էկոնոմիկայի գծով տեղակալ Կարեն Մովսեսյանն իր ելույթում անդրադարձել է այն ռիսկերին, որոնց բախվում է Հայաստանը համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ տեղի ունեցող տեղաշարժերի, այդ թվում՝ համաշխարհային էներգետիկ շուկայի վերաձևափոխման արդյունքում: Կ.Մովսեսյանի խոսքով, էներգետիկ շուկայի խոշոր խաղացողների համար Հայաստանը կարող է հետաքրքրություն ներկայացնել կամ որպես էներգակիրների տարանցիկ երկիր, կամ՝ էլեկտրաէներգիայի արտադրող և արտահանող:
«Փակ սահմանների պայմաններում Հայաստանի տարածքով էներգակիրների տարանցման հարցը դեռ բաց է մնում: Երկրորդ ճանապարհն ավելի իրատեսական է: Հաշվի առնելով հարևան Իրանի էլեկտրաէներգիա ձեռք բերելու շահագրգռվածությունը, «Գազպրոմ»-ը, «ՀայՌուսգազարդ»-ը և Հայաստանի կառավարությունը նախաձեռնել էին Իրան-Հայաստան գազաէներգետիկ նախագծի իրագործումը, որի շրջանակում կառուցվել են Իրան-Հայաստան գազատարը և Հրազդան-5 էներգաբլոկը: Էլեկտրաէներգիայի արտահանումն Իրան դառնալու է էներգետիկ շուկայի վերաձևափոխման հետ կապված ռիսկերին հակազդեցության կարևոր բաղադրիչ՝ Հայաստանի համար ընդհանրապես, և մեր Ընկերության համար մասնավորապես», – նշել է Կ.Մովսեսյանը:
ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ֆինանսների և էկոնոմիկայի գծով տեղակալն ընդգծել է, որ «Գազպրոմ»-ի աջակցությամբ «ՀայՌուսգազարդ»-ը ստեղծել է էլեկտրաէներգիայի արտադրության և արտահանման հզորություններ, խթանել է տրանսպորտային հատվածում նավթամթերքներից բնական գազին անցնելու պայմանների ստեղծումը, Իրան-Հայաստան գազատարի կառուցման միջոցով իրականացրել է Հայաստան գազի մատակարարումների դիվերսիֆիկացումը:
Կոմիտեի նիստին զեկույցներով հանդես են եկել նաև «Գազպրոմ» ԲԲԸ Ֆինանսատնտեսական դեպարտամենտի պետի տեղակալ Նատալյա Բորիսենկոն, JPMorgan-ի ներկայացուցիչ Ջորջես Տիժբոշը (Մեծ Բրիտանիա), UBS ընկերության տնօրեն-կառավարիչ Թոմաս Լենգֆորդը (ԱՄՆ), Ռուսաստանում Shell կոնցեռնի գլխավոր իրավախորհրդատու Ռենյե Նեյմեյերը:
Եվրոպական գործարար կոնգրեսը միջազգային ոչ կառավարական ոչ առեւտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997թ. դեկտեմբերին Բոնն քաղաքում (Գերմանիա): ԵԳԿ կենտրոնական գրասենյակը տեղակայված է Բեռլինում: ԵԳԿ-ի կազմում ընդգրկված է 132 անդամ ԵԱՀԿ 25 երկրից: ԵԳԿ-ի նախագահն է «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը: ԵԳԿ-ի նպատակներից են՝ աջակցել ԵԱՀԿ անդամ-երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը և ԵԱՀԿ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, ապահովել պայմաններ մասնավոր բիզնեսի եւ քաղաքական շրջանակների միջեւ մշտական երկխոսության համար: