
Bloomberg. Հնդկաստանը ձգտում է նոր առևտրային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ
Հնդկաստանը, որի ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ը մտադիր է 26% մաքսատուրքեր սահմանել, պատրաստվում է առաջնահերթություն դարձնել Վաշինգտոնի հետ նոր առևտրային համաձայնագրի կնքումը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
«Հնդկական կառավարության ներկայացուցչի խոսքով, Հնդկաստանը հազիվ թե անմիջապես պատասխան տա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերին, բայց ջանքերը կկենտրոնացնի ԱՄՆ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ մաքսատուրքերը նվազեցնելու վրա», – հայտնում է գործակալությունը։
Նրա խոսքով, Հնդկաստանը ցանկանում է երկխոսություն, ոչ թե առճակատում, և բանակցությունները կարող են դիտարկել բոլոր տարբերակները, ցանկացած ապրանք և ծառայություն:
Bloomberg-ը հիշեցնում է, որ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ԱՄՆ առաջնորդի հետ պայմանավորվել է մինչև այս տարվա աշուն մշակել առևտրային համաձայնագիր։ Միևնույն ժամանակ, Հնդկաստանի կառավարությունն արդեն մի քանի զիջումներ է արել ԱՄՆ վարչակազմին առևտրի և ներգաղթի ոլորտում և ցույց է տվել իր պատրաստակամությունը նվազեցնելու ամերիկյան ներմուծման մաքսատուրքերը։
Թրամփը ապրիլի 2-ին հայտարարեց ԱՄՆ արտաքին առևտրային գործընկերների նկատմամբ պատասխան մաքսատուրքեր սահմանելու իր որոշման մասին։ Թրամփն ասաց, որ սահմանել է 10% հիմնական մաքսատուրք: Սպիտակ տունը պարզաբանել է, որ այն ուժի մեջ կմտնի ապրիլի 5-ից, իսկ ավելի բարձր տուրքերը՝ ապրիլի 9-ին։
Այնուամենայնիվ, անցյալ ուրբաթ Չինաստանի իշխանությունները որոշեցին 34% լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Միացյալ Նահանգներից ապրանքների վրա։ Չինաստանի համար ԱՄՆ նոր մաքսատուրքերը կկազմեն 34%: Պեկինը նախազգուշացրել է, որ պատրաստ է հետագա միջոցներ ձեռնարկել Միացյալ Նահանգների դեմ՝ իր շահերը պաշտպանելու համար։