ՄԱԿ-ի աջակցությամբ կանցկացվի Հայաստանի քաղաքաշինության ոլորտի ուսումնասիրություն
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) աջակցությամբ Հայաստանում կիրականացվեն քաղաքաշինության զարգացման, տարածական պլանավորման և բնակարանային քաղաքականության ոլորտների նոր ուսումնասիրություններ, ինչպես նաև կմշակվի ազգային գործողությունների պլան: Քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ ուսումնասիրությունների արդյունքներով կներկայացվեն նաև նշված ոլորտների բարեփոխմանն ուղղված ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ առաջարկություններ:
ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև ՄԱԿ ԵՏՀ-ի և ՄԱԿ-Հաբիթաթի աջակցությամբ Հայաստանում 2014-2016 թվականներին «Մատչելի բնակարաններ և էներգաարդյունավետություն» թեմայով միջազգային ուսումնական դասընթացներ անցկացնելու վերաբերյալ: