WSJ․ ԱՄՆը մտադիր է պարտադրել բանկերին հավաքել հաճախորդների քաղաքացիության տվյալները
ԱՄՆ Սպիտակ տունը դիտարկում է նախաձեռնություն, որով ամերիկյան բանկերը կարող են պարտավորվել հավաքել իրենց հաճախորդների քաղաքացիության վերաբերյալ տվյալներ՝ թե՛ նոր, թե՛ արդեն գործող հաշվետերերի դեպքում։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, գրում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի փոխանցմամբ՝ քննարկվում է նախագահական հրամանագրի հրապարակման կամ այլ իրավական մեխանիզմների կիրառման տարբերակը։ Քայլը ներկայացվում է որպես հերթական միջոցառում՝ ապօրինի ներգաղթի դեմ պայքարի շրջանակում։
Ներկայումս ԱՄՆ բանկերը փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների կանխարգելման նպատակով պարտավոր են հավաքել հաճախորդների որոշակի տվյալներ, որոնք հաճախ ներառում են անձնագրային տվյալներ և սոցիալական ապահովության համարը։ Սակայն վարկային կազմակերպությունները պարտավոր չեն այդ տեղեկատվությունը փոխանցել իշխանություններին։ Բացի այդ, ԱՄՆ-ում գործող օրենսդրությունը չի արգելում ոչ քաղաքացի անձանց բանկային հաշիվների բացումը։
WSJ-ի աղբյուրների համաձայն՝ նախաձեռնությունը հիմնականում քննարկվում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունում։ Հնարավոր նախագահական հրամանագրի շուրջ քննարկումները մտահոգություն են առաջացրել բանկային հատվածում և, ըստ տեղեկությունների, ակտիվացրել ոլորտի լոբբիստական ջանքերը նախարարության ուղղությամբ։ Միաժամանակ Սպիտակ տունը դիտարկում է նաև այլ տարբերակներ՝ հրամանագրից բացի։
Ապօրինի ներգաղթի դեմ պայքարը Դոնալդ Թրամփի վարչակազմի երկրորդ նախագահական ժամկետի առաջնահերթություններից է։ Դեռևս երդմնակալությունից առաջ հանրապետական առաջնորդը հայտարարել էր ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր արտաքսման արշավ իրականացնելու մտադրության մասին։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) իրականացրած գործողությունները, մասնավորապես՝ ձերբակալությունների և ստուգայցերի շրջանակում, բախվել են հանրային դժգոհության և բողոքների։ Վերջին հարցումների համաձայն՝ ամերիկացիների գրեթե 60 տոկոսը կարծում է, որ վարչակազմը ներգաղթյալների արտաքսման քաղաքականության մեջ չափազանց հեռու է գնացել։
Բացի այդ, 2025 թվականի հոկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահը հաստատել է փախստականների ընդունման տարեկան քվոտայի կտրուկ կրճատումը՝ 125 հազարից մինչև 7,5 հազար մարդ ընթացիկ ֆինանսական տարում (որը ԱՄՆ-ում սկսվել է հոկտեմբերի 1-ից)։ Նաեւ սահմանվել է մուտքի արգելք 12 երկրների քաղաքացիների համար։
