Եվրոպան պատրաստվում է նոր էներգետիկ ճգնաժամի՝ Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին
Եվրահանձնաժողովը պատրաստում է նոր էներգետիկ ճգնաժամի դեմ պայքարի ծրագիր, որը պայմանավորված է Իրանում պատերազմի և Հորմուզի նեղուցի փաստացի շրջափակման հետ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։
Այսօր Բրյուսելը ԵՄ երկրներին կառաջարկի նվազեցնել էլեկտրաէներգիայի հարկերը արդյունաբերության համար և համակարգել ամռան ընթացքում գազի մղումը պահեստարաններ։
Ի տարբերություն 2022 թվականի՝ ԵՀ-ն առայժմ հրաժարվում է կտրուկ միջամտություններից՝ գազի գների առաստաղի սահմանումից կամ էներգետիկ ընկերությունների գերշահույթի հարկումից։ Եվրոպացի պաշտոնյաները կարծում են, որ ճգնաժամը կարող է ձգվել ամիսներ, այդ պատճառով խիստ միջոցները ավելի լավ է պահել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Բացի այդ, օգնության բազմաթիվ լծակներ (օրինակ՝ սուբսիդիաները) գտնվում են ազգային կառավարությունների, ոչ թե Բրյուսելի ձեռքում։
Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով Եվրոպայում գազի գներն արդեն աճել են մոտ մեկ երրորդով։ Սակայն ԵՄ-ի նավթի և գազի խոշորագույն մատակարարները՝ ԱՄՆ-ն և Նորվեգիան գտնվում են Մերձավոր Արևելքից դուրս, ուստի իրանական ճգնաժամն առայժմ չի հանգեցրել Եվրոպայում վառելիքի պակասի։
Հիմնական խնդիրը կարող է դառնալ ավիացիոն կերոսինը, որի պակասը ավիաընկերությունները կանխատեսում են արդեն մի քանի շաբաթից։ Այդ կապակցությամբ ԵՀ-ն բիզնեսին խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում հրաժարվել օդային թռիչքներից։
Փորձագետների գնահատմամբ՝ ներկայիս նավթային շոկը կարող է նույնիսկ ավելի ուժեղ լինել, քան 2022 թվականի ճգնաժամը։ Սակայն էլեկտրաէներգիայի գների վրա հարվածը կլինի ավելի թույլ։ Դա պայմանավորված է նրանով, որ Եվրոպան երկու տարվա ընթացքում զգալիորեն նվազեցրել է կախվածությունը հանածո վառելիքից․ անցյալ տարի ԵՄ-ում ցածր ածխածնային արտադրության մասնաբաժինը հասել է 71%-ի՝ 2022 թվականի 60%-ի դիմաց։
