Պատերազմը ազդել է նաև դուբայական շոկոլադի վրա
Հայտնի դուբայական շոկոլադի արտադրողները խնդիրների են բախվել՝ Իրանից պիստակի մատակարարումների կրճատման պատճառով, ինչը պայմանավորված է պատերազմի հետևանքով լոգիստիկայի խաթարմամբ։ Պիստակի ներկայիս շուկան սկսել է հիշեցնել «ազարտային խաղ»: Այսպիսի նկատառում է արել Financial Times-ը։
Financial Times-ը, հղում անելով վերլուծաբանների տվյալներին, գրում է, որ Իրանի պատերազմը հանգեցրել է պիստակի գների կտրուկ աճի՝ հասնելով վերջին տարիների ամենաբարձր մակարդակին այն պահին, երբ միաժամանակ աճում էր պահանջարկը պիստակ պարունակող ապրանքների նկատմամբ, այդ թվում՝ դուբայական շոկոլադի։
Իրանը, որին բաժին է ընկնում պիստակի համաշխարհային արտադրության մոտ մեկ հինգերորդը և արտահանման 25-30%-ը, բախվել է բերքի արտահանման լուրջ խնդիրների։ Հակամարտությունը խաթարել է լոգիստիկան, իսկ նավագնացային ընկերությունները փոխում են երթուղիները, ինչը հանգեցնում է ուշացումների և ծախսերի աճի:
Expana վերլուծական ընկերության տվյալներով՝ մարտին պիստակի գները հասել են մոտ 4.57 դոլարի՝ մեկ ֆունտի համար (մոտ 450 գրամ), ինչն առավելագույն ցուցանիշն է՝ 2018 թվականից ի վեր։ FT-ի փոխանցմամբ՝ պահանջարկը մասամբ աճել է դուբայական շոկոլադի շուրջ համաշխարհային աժիոտաժի պատճառով, որի բաղադրության մեջ ներառված է պիստակի կրեմը։ Դուբայական շոկոլադի աճող ժողովրդականությունը նաև նպաստել է պիստակով պատրաստված այլ ապրանքների պահանջարկի ավելացմանը։
Expana հարթակի վերլուծաբան Նիք Մոսը նշել է, որ պատերազմը ավելի շուտ սրել է արդեն գոյություն ունեցող սահմանափակումները, քան ստեղծել նորերը։ Նա հավելել է, որ խնդիրները կուտակվում են․ դեռ մինչև հակամարտությունը 2025 թվականի բերքը հիմնական պիստակ արտադրողների մոտ (ԱՄՆ, Թուրքիա, Իրան) սպասվածից քիչ էր, իսկ Իրանում բերքատվության վրա ազդել էր երաշտը։ Բացի այդ, ինչպես գրում է FT-ը, Իրանի արտահանումն ընդհանուր առմամբ սահմանափակված է արևմտյան երկրների պատժամիջոցներով։
Իրանի պիստակ արտադրողների ասոցիացիայի վարչության անդամ Բեհրուզ Աղահը հայտարարել է, որ պատերազմը լրջորեն խաթարել է արտահանումը Բանդար-Աբբաս նավահանգստով։
«Այս պահին պիստակը հնդկական շուկա ուղարկելու այլընտրանքային երթուղին անցնում է թուրքական Մերսին նավահանգստով և Սուեզի ջրանցքով, ինչն ավելի թանկ է և ավելի երկար ժամանակ է պահանջում։ Չինական շուկայի համար հասանելի է երկաթուղային երթուղին, սակայն այն նույնպես թանկ և բարդ է», – ասել է նա։
FT-ը նշում է, որ գնորդները փորձում են փոխարինել իրանական պիստակը՝ առաջին հերթին ԱՄՆ-ում, սակայն ամերիկյան արտահանողներն արդեն վաճառել են իրենց պահուստների մեծ մասը։ Փոխարինման հարցում ևս խնդիրներ կան: Օրինակ՝ իրանական պիստակը այլ տեսակների համեմատ պարունակում է ավելի շատ յուղ, ինչը զգալիորեն ազդում է համի վրա։
Ապրիլի կեսերին Bloomberg-ը նույնպես նշել էր, որ պիստակի գները հասել են ութ տարվա առավելագույնին։
Դեռ անցյալ տարվա ապրիլին՝ մինչև Իրանի պատերազմի սկիզբը, FT-ը գրել էր, որ դուբայական շոկոլադի արագ աճող ժողովրդականությունը հանգեցրել է պիստակի գլոբալ պակասի և դրա գների կտրուկ բարձրացման։ Ինչպես այն ժամանակ հիշեցրել էր Իրանի պիստակ արտադրողների ասոցիացիայի վարչության անդամ Աղահը, 2025 թվականի դեֆիցիտին նախորդել էր 2023 թվականի ցածր պահանջարկը, երբ առաջարկը գերազանցել էր գնորդների հետաքրքրությունը, ինչը բերել էր գների անկման։
