
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏ – ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Կառավարությունը հաստատել է 2009թ. ՀՀ զբոսաշրջության զարգացման ծրագիրը։ Որոշումն ընդունվել է` «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին, ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 16-ի «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգից բխող 2008-2012թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1322-Ն որոշմանը համապատասխան։ Ծրագրի ընդունումը պայմանավորված է զբոսաշրջային բնագավառի մարկետինգային քաղաքականությանը, Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ եւ գրավիչ երկրի նկարագրի ձեւավորմանը, միջազգային շուկայում պատշաճ ներկայացմանն ու Հայաստանի միջազգային ինտեգրմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ։ Հանձնարարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին` ծրագրի իրականացումն ապահովել «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի միջոցով` վերջինիս հետ կնքելով համապատասխան պայմանագիր։