Իրանի շուրջ բանակցությունները փակուղում են՝ ուրանի և Հորմուզի նեղուցի շուրջ տարաձայնությունների պատճառով
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են պահպանել կտրուկ հակադիր դիրքորոշումներ Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարների և Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցերում, ինչը նվազեցնում է հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի հավանականությունը, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը վերջնականապես կվերցնի Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները, որոնք, ԱՄՆ-ի գնահատմամբ, կարող են օգտագործվել միջուկային զենքի ստեղծման համար։ Թեհրանը, իր հերթին, պնդում է, որ ուրանը նախատեսված է բացառապես խաղաղ նպատակների համար։ Եվ միաժամանակ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին, Reuters-ի տվյալներով, հրահանգել է չարտահանել ուրանը։
Թրամփը նաև քննադատել է Թեհրանի մտադրությունները՝ վճար սահմանելու Հորմուզի նեղուցի օգտագործման համար։ Մինչ պատերազմը այդ ծովային ուղով անցնում էր նավթի և բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։
Վեց շաբաթ անց՝ անկայուն հրադադարի հաստատումից հետո, բանակցությունները շարունակում են մնալ գրեթե փակուղում։ Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրը կարող էր մեկնել Թեհրան՝ միջնորդական նոր բանակցությունների համար։
Փակուղին արդեն ճնշում է համաշխարհային տնտեսության վրա՝ առաջին հերթին նավթի կտրուկ թանկացման և դրա գնաճային ազդեցության պատճառով։
Թրամփը նաև զգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանի դեմ հարվածները, եթե Վաշինգտոնը «ճիշտ պատասխաններ» չստանա Թեհրանից։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատասխանել է, որ նման քայլերը կհանգեցնեն պատասխան գործողությունների՝ տարածաշրջանից դուրս։
Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարել է, որ հակամարտությունն առաջացրել է վերջին տարիների ամենախոշոր գլոբալ էներգետիկ ցնցումներից մեկը։ Գործակալության գնահատմամբ՝ ամառային բարձր պահանջարկի և Մերձավոր Արևելքից նոր մատակարարումների բացակայության պայմաններում շուկան հուլիս-օգոստոս ամիսներին կարող է մտնել «կարմիր գոտի»։
