ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի օրենք, որով տեխնոհսկաները պետք է վճարեն ԱԲ-ի համար օգտագործվող էներգիայի ծախսերը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի օրինագիծ, որը տեխնոլոգիական ընկերություններին կպարտավորեցնի վճարել արհեստական բանականության տվյալների մշակման կենտրոնների համար անհրաժեշտ էլեկտրացանցերի արդիականացման ծախսերը, հայտնում է CNBC-ն։
«Հարկատուների պաշտպանության մասին օրենք» անվանումը կրող փաստաթուղթը պահանջում է, որ նահանգների կոմունալ ծառայությունները խոշոր սպառողների համար ներդնեն հատուկ ստանդարտներ։ Նախաձեռնության նպատակն է նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծախսերը տեղափոխել այնպիսի հսկաների վրա, ինչպիսիք են Amazon-ը, Google-ը, Meta-ն, Microsoft-ը և SpaceX-ը։
Էներգասպառման մասշտաբներն ընդգծում է նաև Օհայոյում SoftBank Group-ի նախագիծը, որտեղ գլխավոր տնօրեն Մասայոշի Սոնը նախատեսում է ներդնել 500 մլրդ դոլար։ Ինչպես նշել է էներգետիկայի հանձնաժողովի նախագահ Բրեթ Գաթրին, «ամբողջ երկրում ընտանիքներն ու փոքր բիզնեսը չպետք է վճարեն այս նոր զարգացման հաշիվները»։
Օրինագիծը դարձել է Կոնգրեսի առաջին փորձերից մեկը՝ ստիպելու կորպորացիաներին վճարել տվյալների կենտրոնների կողմից էլեկտրաէներգիայի հսկայական պահանջարկի համար՝ ընտրողների շրջանում սակագների աճից դժգոհության ֆոնին։ Մի շարք խոշոր ընկերություններ արդեն ստորագրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համապատասխան պարտավորությունը՝ հասկացնելով, որ դեմ չեն ԱԲ-ի համար էներգիայի արտադրության ֆինանսավորմանը, սակայն փաստաթուղթը դեռ պետք է հաստատվի թե՛ Սենատում, թե՛ Ներկայացուցիչների պալատում։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

