Վրաստանի տնտեսական աճը մայիսին կազմել է 6.4%, իսկ հունվար–մայիսին՝ 7.8%
Նախնական գնահատականի համաձայն՝ մայիսին Վրաստանի իրական տնտեսական աճը կազմել է 6.4%։ Այսպիսով, ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների (հունվար–մայիս) արդյունքներով տնտեսական աճը հասել է 7.8%-ի։
Ինչպես հայտնում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը, մայիսին ԱԱՀ վճարող կազմակերպությունների շրջանառությունն աճել է 8.7%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացի այդ, նոր գրանցված ձեռնարկությունների թիվն ավելացել է 2.2%-ով՝ հասնելով 6.542-ի։
Մայիսին տնտեսական աճին զգալի դրական նպաստ են ունեցել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ), ֆինանսական և ապահովագրական գործունեության, մշակող արդյունաբերության, տրանսպորտի և պահեստավորման, առողջապահության, ինչպես նաև անշարժ գույքի հետ գործառնությունների ոլորտներում տնտեսական ակտիվության աճը։
Միաժամանակ, Էկոնոմիկայի նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, հունվար–մայիս ամիսներին տնտեսական աճի բարձր տեմպերը պայմանավորված են եղել նաև արտաքին առևտրի դրական միտումներով։ Մասնավորապես, արտահանումն աճել է 19.8%-ով՝ կազմելով 3.1077 մլրդ ԱՄՆ դոլար, մինչդեռ տեղական արտահանման (առանց վերաարտահանման) ծավալն աճել է 66.1%-ով՝ հասնելով 1.9291 մլրդ ԱՄՆ դոլարի։
