ԱՄՆ-ը մաքսատուրքեր է սահմանում 60 առևտրային գործընկերների նկատմամբ
ԱՄՆ-ը հարկադիր աշխատանքի դեմ պայքարի հիմնավորմամբ 60 խոշոր առևտրային գործընկերների նկատմամբ սահմանում է 10%-ից մինչև 12.5% մաքսատուրքեր՝ կախված նրանից, թե արդյոք այդ երկրներում օրենսդրորեն արգելված է հարկադիր աշխատանքի կիրառմամբ արտադրված ապրանքների ներմուծումը։ Այս մասին նշվում է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի (USTR) Ջեյմիսոն Գրիրի հայտարարության մեջ։
«Այսօր ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը… ավարտական քայլեր է ձեռնարկում 1974 թվականի Առևտրի մասին օրենքի (Trade Act of 1974) 301-րդ բաժնի շրջանակում՝ մաքսատուրքեր սահմանելով 60 պետությունների նկատմամբ՝ հարկադիր աշխատանքի կիրառմամբ արտադրված ապրանքների ներմուծման արգելք սահմանելու և դրա արդյունավետ կիրարկումն ապահովելու անկարողության պատճառով», — ասվում է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի գրասենյակի հայտարարության մեջ։
10% նվազագույն մաքսատուրք կկիրառվի 17 երկրների նկատմամբ, որոնք արդեն իսկ օրենսդրորեն արգելել են հարկադիր աշխատանքի կիրառմամբ արտադրված ապրանքների ներմուծումը։ Հայտարարության համաձայն՝ այդ երկրների թվում են, մասնավորապես, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Կանադան և Մեքսիկան։
Եվրամիությունից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից և Շվեյցարիայից ներմուծվող այն ապրանքների համար, որոնք չեն ընդգրկվում բացառությունների ցանկում, մաքսատուրքի դրույքաչափը կկազմի 10% կամ 12.5%՝ հանած առավել բարենպաստության ռեժիմի (Most-Favored-Nation, MFN) գործող մաքսային դրույքաչափերը, նշվում է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, հետաքննության մեջ ընդգրկված մյուս բոլոր երկրների համար, որոնք չեն կատարել Վաշինգտոնի պահանջները, բազային մաքսատուրքի առավելագույն դրույքաչափը կբարձրանա 2.5 տոկոսային կետով՝ հասնելով 12.5%-ի։
Դրանք կփոխարինեն 10%-անոց ժամանակավոր համաշխարհային մաքսատուրքին, որը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կիրառել էր փետրվարին՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել էր 2025 թվականի ապրիլին սահմանված առևտրային մաքսատուրքերը։ Ժամանակավոր միջոցի գործողության ժամկետը սահմանափակված էր 150 օրով և ավարտվում է ուրբաթ օրը, ինչի հետևանքով Սպիտակ տունն անցնում է նպատակային մաքսատուրքերի կիրառմանը՝ նոր իրավական հիմնավորմամբ։
