Իրանի և շոգի պատճառով եվրոպացիները կանխիկ գումար են կուտակում
ԵՄ-ում շրջանառության մեջ գտնվող թղթադրամների քանակը աճում է՝ չնայած սմարթֆոններով վճարումների լայն տարածմանը: Այս մասին վկայում են նոր տվյալները, որոնց հղում է անում The Guardian-ը։ Միևնույն ժամանակ, ինչպես գրում է պարբերականը, Եվրոպայի որոշ շրջաններ ընդգրկած անտառային հրդեհները մեծացնում են արտակարգ իրավիճակների դեպքում կանխիկ գումարի պաշար ունենալու պահանջարկը։
Թեև եվրոպական շատ քաղաքներում կանխիկ վճարումներն իրենց տեղը զիջում են անհպում վճարումներին, շրջանառության մեջ գտնվող կանխիկ գումարի ընդհանուր ծավալը իրականում աճում է: Այս մաիսն հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի գլխավոր տնտեսագետ Ֆիլիպ Լեյնը։
Ինչպես գրում է The Guardian-ը՝ հղում անելով ԵԿԲ-ի տվյալներին, շրջանառության մեջ գտնվող թղթադրամների ընդհանուր արժեքը 2016 թվականի 1 տրիլիոն եվրոյից 2026 թվականին աճել է մինչև 1.6 տրիլիոն եվրո։
Հոդվածի համաձայն՝ շրջանառության մեջ այժմ գտնվում է ավելի քան 31 մլրդ թղթադրամ՝ 2019 թվականին՝ համավարակից անմիջապես առաջ գրանցված 24 մլրդ-ի համեմատ։ Պարբերականի տվյալներով՝ 2025 թվականին ամենատարածված թղթադրամը 50 եվրոյանոցն էր, որին հաջորդում էր 100 եվրոյանոցը։
Փորձագետները կանխիկի նկատմամբ հետաքրքրության աճը կապում են պատերազմների, ինչպես նաև կիբերհարձակումների հետևանքով առցանց և անհպում վճարային համակարգերի հնարավոր խափանումների վերաբերյալ մտահոգությունների հետ։
Եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Ավստրիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Շվեդիան և Նիդեռլանդները, արդեն խորհուրդ են տվել քաղաքացիներին յուրաքանչյուր ընտանիքի համար տանը պահել 70-100 եվրո կանխիկ գումար։ Այդ գումարը պետք է բավարար լինի 72 ժամվա ընթացքում անհրաժեշտ ապրանքներ գնելու համար, եթե առցանց ծառայություններն ու բջջային հավելվածները դադարեն գործել, գրում է The Guardian-ը։
ԵԿԲ-ն կանխիկ գումարը անվանում է «ճգնաժամային իրավիճակներին ազգային պատրաստվածության» կարևորագույն բաղադրիչ։ Բանկը պարադոքս է համարում այն փաստը, որ առօրյա գնումների համար կանխիկի օգտագործումը նվազում է, մինչդեռ թղթադրամներ պահող մարդկանց թիվն աճում է։
