Համաշխարհային տնտեսությունը՝ գնաճի, տոկոսադրույքների և աճի նոր ազդակների ֆոնին
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Քևին Ուորշը Վայոմինգում կայացած ամենամյա հանդիպման ժամանակ հստակ հասկացրել է, որ ցանկանում է տեսնել բազային գնաճի կայուն նվազում։ Սակայն այս շաբաթ հրապարակված տվյալները դրա օգտին քիչ փաստարկներ տվեցին, գրում է Bloomberg-ը։
ԱՄՆ-ում անձնական սպառման ծախսերի գների ինդեքսը՝ առանց սննդամթերքի և էներգակիրների, հուլիսին աճել է սպասումներին համապատասխան, սակայն տարեկան ցուցանիշը մնացել է 3.3% մակարդակում։ Միևնույն ժամանակ սպառողական ծախսերը գրեթե չեն աճել, ինչը վկայում է ամռան սկզբի ուժեղ ակտիվությունից հետո տնտեսության որոշակի սառեցման մասին։
Երկրորդ եռամսյակում ԱՄՆ կորպորատիվ շահույթն աճել է գրեթե 10%-ով։ Հարկումից հետո շահույթի հարաբերակցությունը համախառն ավելացված արժեքին բարձրացել է 18.2%-ից մինչև ռեկորդային 19.4%՝ արտացոլելով ուժեղ հաշվետու սեզոնը, գների բարձրացումն ու սպառողական պահանջարկի կայունությունը։
Գերմանիայի տնտեսությունը երկրորդ եռամսյակում աճել է ավելի արագ, քան նախապես գնահատվում էր, իսկ բիզնեսի սպասումների հիմնական ցուցանիշը հասել է ամենաբարձր մակարդակին Իրանի հետ պատերազմին նախորդող շրջանից ի վեր։ Միևնույն ժամանակ Իսպանիայում և Ֆրանսիայում գնաճն արագացել է՝ ուժեղացնելով հաջորդ ամիս տոկոսադրույքների բարձրացման օգտին փաստարկները։
Չինաստանում արդյունաբերական շահույթի աճը դանդաղել է երրորդ ամիսն անընդմեջ՝ հասնելով այս տարվա ամենացածր տեմպին։ Թուլացող ներքին պահանջարկն ու ավելի վաղ արձանագրված նավթի գների աճի ազդեցության նվազումը լրացուցիչ ճնշում են գործադրում ընկերությունների վրա։
Կանադայի ընթացիկ հաշվի ավելցուկը ավելի քան երկու անգամ գերազանցել է տնտեսագետների կանխատեսումները՝ հում նավթի և բիտումի արտահանման ռեկորդային աճի շնորհիվ։ Սա երկրին որոշակի արտաքին առևտրային «բարձիկ» է տալիս ԱՄՆ-ի հետ սրվող մաքսատուրքային վեճի պայմաններում։
Թաիլանդի կենտրոնական բանկը երրորդ նիստն անընդմեջ պահպանել է հիմնական տոկոսադրույքը՝ նշելով, որ քաղաքականությունը կմնա խթանող։ Կարգավորիչը նաև ազդակ է տվել, որ անհրաժեշտության դեպքում դեռ ունի փոխառությունների արժեքը նվազեցնելու հնարավորություն։ Արտահանումը և ներդրումները շարունակում են շահել արհեստական բանականության ոլորտի բումից, իսկ պետական խթանները նպաստում են տնտեսության վերականգնմանը։
Ավստրալիայում տնային տնտեսությունների ծախսերը հուլիսին աճել են սպասվածից ավելի արագ՝ ցույց տալով պահանջարկի կայունությունը նույնիսկ տարվա սկզբի երեք տոկոսադրույքային բարձրացումներից հետո։
Բրազիլիայում տարեկան գնաճը օգոստոսի սկզբին նվազել է նպատակային միջակայքի վերին սահմանից ցածր՝ թուլացնելով կենտրոնական բանկի նկատմամբ ճնշումը։ Մեքսիկայի տնտեսությունն երկրորդ եռամսյակում ժամանակավորապես վերականգնվել է, իսկ գնաճը բարձրացել է թիրախային միջակայքի միջնակետից վեր՝ ամրապնդելով սպասումները, որ տոկոսադրույքները կմնան անփոփոխ։
Բացի Թաիլանդից, Պարագվայի, Ղրղզստանի, Գվատեմալայի և Բոտսվանայի կենտրոնական բանկերը ևս պահպանել են տոկոսադրույքները։ Հարավային Կորեայի և Ֆիլիպինների կենտրոնական բանկերը կրկին բարձրացրել են դրանք, մինչդեռ Հունգարիայում տոկոսադրույքը նվազեցվել է երրորդ անգամ անընդմեջ։
