ԱՄՆ-ում սեպտեմբերին բնական ադամանդներով զարդերի վաճառքը նվազել է երկարատև աճից հետո
ԱՄՆ-ում բնական ադամանդներով զարդերի վաճառքը սեպտեմբերին տարեկան կտրվածքով նվազել է 0.6%-ով՝ երկարատև աճից հետո։ Այս մասին ասվում է Tenoris վերլուծական ընկերության զեկույցում։ Ընկերությունը տվյալներ է հավաքում` ԱՄՆ-ի զարդերի և ադամանդների շուկայում մանրածախ վաճառքի վերաբերյալ։
Բնական ադամանդներով արտադրանքի ընդհանուր վաճառքի ծավալը, որը ներառում է ինչպես պատրաստի զարդերը, այնպես էլ առանձին քարերը, կրճատվել է 1%-ով։ Այնուամենայնիվ, մեկ քարի հաշվով միջին ծախսերն աճել են 11%-ով, ինչը վկայում է, որ գնորդները շարունակում էին նախապատվությունը տալ ավելի թանկարժեք արտադրանքին։
ԱՄՆ-ին բաժին է ընկնում ադամանդների համաշխարհային պահանջարկի 45-50%-ը։
Միևնույն ժամանակ, լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդներով զարդերը (lab-grown) շարունակել են ամրապնդել իրենց դիրքերը ԱՄՆ-ի շուկայում։ Tenoris-ի տվյալներով՝ նման արտադրանքի նկատմամբ պահանջարկը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 26%-ով։
Լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդների վաճառքից ստացվող եկամուտների աճի հիմնական խոչընդոտը մանրածախ գների շարունակական անկումն է։ Առանձին սինթետիկ ադամանդների վաճառքից ստացվող հասույթը նվազում է արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ՝ չնայած վաճառված քարերի քանակական ծավալի աճին։
Սակայն վերջին շրջանում սինթետիկ ադամանդների մեծածախ գները սկսել են վերականգնվել։ 2026 թվականի երրորդ եռամսյակում գներն առաջին անգամ 2018 թվականից ի վեր աճել են՝ նախորդող ժամանակահատվածում 93% անկում գրանցելուց հետո։ 1-3 կարատ քաշով կլոր lab-grown ադամանդների գինը նախորդ եռամսյակի համեմատ միջինում աճել է 2%-ով։ Tenoris-ը նշում է, որ դա առաջիկա ամիսներին կարող է ազդել մանրածախ գների և արտադրողների շահութաբերության վրա։
Բնական ադամանդներով զարդերի վաճառքի անկումը տեղի է ունեցել զարդերի մանրածախ շուկայում ընդհանուր իրավիճակի բարելավման ֆոնին, ընդգծում է Tenoris-ը։ ԱՄՆ-ի մասնագիտացված ոսկերչական խանութների վաճառքից ստացված հասույթը սեպտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 5.7%-ով, իսկ մեկ արտադրանքի միջին գինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձրացել է 11%-ով։ Այս ցուցանիշն աճում է ամեն ամիս՝ 2024 թվականի հոկտեմբերից ի վեր, իսկ ընթացիկ տարվա սկզբից ավելացել է 8.5%-ով։ Նախորդ տարի ԱՄՆ-ում ոսկերչական արտադրանքի վաճառքն աճել էր 7%-ով։
