Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ եվրոպացիները ստիպված կլինեն ընտրություն կատարել սննդի և ջեռուցման միջև
Առաջիկա ձմռանը Եվրոպայի գրեթե 50 միլիոն բնակիչ ստիպված կլինի դժվար ընտրություն կատարել՝ մրսե՞լ, թե՞ սոված մնալ։ Պատճառը ջեռուցման համար վճարվող անհաղթահարելի բարձր հաշիվներն են։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դան Յորգենսենը, որը այցով մեկնել էր Բուդապեշտ։
«Եվրոպայում ձմռանը միջին հաշվով գրեթե 50 միլիոն մարդ դժվարանում է վճարել ջեռուցման հաշիվները։ Եթե որևէ մեկը չի կարողանում վճարել ջեռուցման համար, ըստ էության, ստիպված է լինում ընտրություն կատարել՝ կա՛մ չուտել, կա՛մ մրսել», – մեջբերում է պարբերականը նրա խոսքերը՝ մեկնաբանելով ԵՄ երկրներում բնակարանային ճգնաժամը։
Յորգենսենի խոսքով՝ ձմեռային ժամանակահատվածը տարածաշրջանի համար հեշտ չի լինի։ Եվրոպան մեծապես կախված է էներգակիրների ներմուծումից, և շարունակում է բարձր մնալ այն վտանգը, որ համաշխարհային շուկայում անկայուն իրավիճակը չի բարելավվի անգամ ցուրտ եղանակի սկսվելուն պես։
2022 թվականին Եվրամիությունը որդեգրեց ռուսական էներգակիրներից հրաժարվելու քաղաքականություն։ Ռուսաստանից խողովակաշարերով մատակարարվող գազի գնումները կտրուկ կրճատվեցին, իսկ դրա փոխարեն սկսվեցին հեղուկացված բնական գազի մատակարարումները, որոնք շատ ավելի մեծ չափով են կախված համաշխարհային շուկայի տատանումներից։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ գազի ներմուծման մեջ ռուսական գազի մասնաբաժինը 2021 թվականի 45%-ից 2025 թվականին նվազել է մինչև 12%։ Միևնույն ժամանակ հեղուկացված բնական գազի մասնաբաժինը 20%-ից աճել է մինչև 45%։
Եվրահանձնաժողովում ընդունում են, որ ռուսական խողովակաշարային գազից հեղուկացված բնական գազին անցումը մեծացրել է գների տատանողականությունը։
Էներգիայի բարձր գինը շարունակում է մնալ եվրոպական արդյունաբերության մրցունակության կտրուկ անկման հիմնական խնդիրներից մեկը։ Եվրոպական կենտրոնական բանկը նշել է, որ ԵՄ արդյունաբերության համար էլեկտրաէներգիան մոտ 2.5 անգամ ավելի թանկ է, քան ԱՄՆ-ում, իսկ գազը՝ գրեթե հինգ անգամ։
Սա հատկապես ծանր ազդեցություն է ունենում քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի և էներգատար այլ ճյուղերի վրա։
