ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ – ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՆՈՐ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ
Երեկ կայացած ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում կառուցվելիք մինչեւ 1200 ՄՎտ հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկին առնչվող խնդիրները: Սահմանվում է, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար հարթակը պետք է բավարարի նոր ատոմային էլեկտրակայանների հարթակին ներկայացվող պահանջներին: Մեկ այլ հոդվածով ամրագրվում է, որ ՀՀ կառավարությունը նոր միջուկային էներգաբլոկի նախագծման, հարթակի ընտրության, կառուցման, շահագործման եւ շահագործումից հանելու ընթացքում ապահովում է միջազգային կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները եւ Հայաստանի Հանրապետության միջուկային ու ճառագայթային անվտանգության նորմերի պահանջները: Նոր էներգաբլոկի կառուցման ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանված կարգով բնակչությանը կիրազեկի ընթացող աշխատանքների մասին:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշեց, որ օրինագիծը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել հետաքրքրող հարցերի պատասխանները:
Կառուցվելիք միջուկային էներգաբլոկի առնչությամբ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանը եւ Արմեն Մարտիրոսյանը մտահոգություն հայտնեցին` կապված միջուկային թափոնների թաղման, սեյսմիկ անվտանգության եւ այլ խնդիրների հետ:
Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արմեն Մովսիսյանն ասաց, որ միջուկային թափոններն արդեն չեն թաղվում. դրանք պահեստավորվում են, քանի որ արժեքավոր են: Ըստ նրա` դա շրջակայքի համար վտանգ չի ներկայացնում, բարձր չէ նաեւ պահեստարանի շրջակայքի ռադիոակտիվ ֆոնը: