ՀՀ ՏՄՊՊՀ ԵԱՀԿ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ
Այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի ունեցավ Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի եւ ԵԱՀԿ փորձագետ, դոկտոր Յանիս Կոկորիսի համատեղ մամուլի ասուլիսը` «Հակամրցակցային համաձայնություններ. Դիտանցման կանոնների եւ առկա մեթոդների գնահատում» ծրագրի վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ աջակցությամբ` ՀՀ ՏՄՊՊՀ հզորությունների զարգացման նպատակով եւ ուղղված է բարելավելու Հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիտորինգի եւ գնահատման մեխանիզմները, ինչպես նաեւ բարձրացնելու մրցակցային օրենսդրության կիրառման արդյունավետությունը (տես այլ մանրամասներ):
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Աշոտ Շահնազարյանի գնահատմամբ, «Ծրագիրը Հանձնաժողովին մոնիտորինգի իրականացման, դրա մեթոդների կատարելագործման եվրոպական չափանիշներ կառաջարկի, ինչը հնարավորություն կտա սահմանափակել հակամրցակցային վարվելակերպը: Ծրագիրը նաեւ հնարավություն կտա կատարելագործել աշխատակազմի մոնիթորինգի իրականացման հմտությունները եւ լրացնել գիտելիքները»:
Փորձագետ Յանիս Կոկորիսը ներկայացրեց իր նախնական նկատառումներն ու առաջարկությունները: Մասնավորապես, նրա կարծիքով, նպատակահարմար է բարձր տուգանքների կիրառում սխալ տեղեկատվություն տրամադրելու դեպքում, օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա եւ կպարտադրի գների /տեղեկության/ հավաքագրում առանց հանձնաժողովի համապատասխան որոշման անհրաժեշտության, վաղորդյան ստուգայց թույլ տվող փոփոխություն օրենսդրությունում եւ այլն: