Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՃԳՆԱԺԱՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
15/04/2009 10:23
Կիսվել

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է «ՃԳՆԱԺԱՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ, ապրիլի 14-ին, մասնակցել է «Էրեբունի Պլազա» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի սոցիալական ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով համաժողովին, որը կազմակերպվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակների կողմից։
Համաժողովի նպատակն է` քննարկել համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի հետեւանքներն ու միջոցներ փնտրել սոցիալապես խոցելի խմբերի վրա ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բացման խոսքը «Համաշխարհային տնտեսական ճգնաժամի սոցիալական ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով համաժողովում

«Հարգելի գործընկերներ, այսօրվա մեր հանդիպումը նվիրված է չափազանց կարեւոր մի թեմայի` ինչպե՞ս է համաշխարհային տնտեսական ճգնաժամն ազդում սոցիալական խնդիրների վրա եւ ի՞նչ սոցիալական ազդեցություններ է իր հետ բերում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մի քանի անգամ հանդես է եկել հայտարարություններով, որոնք նվիրված էին սոցիալական խնդիրներին։ Մեր հակաճգնաժամային ծրագիրը, որ մենք ներկայացրինք Ազգային Ժողովին նոյեմբեր ամսվա ընթացքում, նույնպես իր մեջ պարունակում էր այս հարցի պատասխանը։ Սոցիալական խնդիրներն ունենալու են առաջնային նշանակություն մեզ համար, եւ մեր գործողությունները լինելու են այնպիսին, որ պաշտպանենք սոցիալապես անապահով խավերին։ Մեր հայտարարությունների բովանդակությունը կայանում է նրանում, որ անկախ ֆինանսական իրադարձությունների զարգացումից, անկախ նրանից, թե ի՞նչ սցենարով կզարգանան իրադարձությունները ՀՀ-ում, պետական բյուջեի սոցիալական ծախսերը պետք է լինեն պաշտպանված եւ պետք է ունենան առաջնային նշանակություն։ Դա վերաբերում է ոչ միայն սոցիալապես անապահով շուրջ 114 հազար ընտանիքներին, որոնք ստանում են սոցիալական նպաստներ, այլեւ սոցիալական համակարգին` լայն իմաստով։ Եվ դա է պատճառը, որ մենք ստիպված եղանք վերանայել 2009թ. բյուջետային մեր քաղաքականությունը` տեղաշարժեր կատարելով` ըստ եռամսյակների, մեր ծախսերի մեջ։ Նպատակն այն էր, որ հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք արդեն իսկ 2009թ. առաջին եռամսյակում դրսեւորվում էին, մասնավորապես, մուտքերի հավաքագրման առումով, մեր նպատակն էր այնպիսի ֆինանսական միջավայր ձեւավորել, որը մի կողմից` կպաշտպաներ մեր սոցիալական ծախսերը, մյուս կողմից` թույլ կտար չկուտակել պարտքեր։ Կախված նրանից, թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, ինչպիսի՞ն կլինի հարկերի հավաքագրման աստիճանը, ըստ այդմ էլ մենք մնացած ծախսերը կֆինանսավորենք մեր բյուջեից։ Այսինքն` մենք բյուջեի օպերատիվ կառավարման ենք անցել, եռամսյակային կտրվածքներով ենք ճշգրտում մեր բյուջեի ծախսերը եւ առաջնային պաշտպանվածություն ունենալու են հենց սոցիալական ծախսերը։ Ինչպիսի՞ն է լինելու սոցիալական վիճակը ՀՀ-ում 2009թ.-ին։ Գաղտնիք չէ, որ տնտեսական անկումն առաջին հերթին հարվածում է սոցիալապես անապահով խմբերին։ Ամենակարեւոր ցուցանիշը, որով մենք դատում ենք այս պրոբլեմի մասին, դա գործազրկության մակարդակն է։ Գործազրկության մակարդակին հետեւելով, մենք պատկերացում ենք կազմում, թե տնտեսական աճի ցուցանիշն անմիջականորեն ի՞նչ ազդեցություն է թողնում սոցիալական համակարգի վրա եւ, բնականաբար, այս ցուցանիշը պետք է պահենք մեր ուշադրության կենտրոնում։ Այն գործողությունները, հակաճգնաժամային ծրագրի տրամաբանությունը, որ մենք իրականացնում ենք, կայանում է նրանում, որ հնարավորինս նվազեցնենք տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը հենց աշխատատեղերի կրճատման վրա։ Առաջին հարվածը մենք ստացանք հանքահումքային արդյունաբերությունում, որտեղ ունենք շուրջ 6 հազար աշխատող եւ, բնականաբար, մեր հակաճգնաժամային միջոցառումները սկսեցինք այդ ոլորտի ներդրողների հետ կոնսուլտացիաներից։ Վերջին տարիների ընթացքում հանքահումքային արդյունաբերությունում արձանագրվել էր գների չափազանց բարձր մակարդակ, պատմականորեն ամենաբարձր մակարդակն էր արձանագրվել, ներդրումներն այդ ոլորտում բավականին մեծ թափ էին ստացել եւ ոլորտը շահութաբեր էր։ Մեր կոնսուլտացիաները ներդրողների հետ ցույց տվեցին, որ դեռեւս ունենք որոշակի պոտենցիալ. մասնավորապես, այն դիվիդենտները, որ ստացել էին ներդրողները եւ շահութաբերության մակարդակի հաշվին այն շահույթները, որ նրանք ստացել էին, հնարավորություն էին տալիս այդ ձեռնարկություններում կրճատումներ չկատարել։ Պահպանվում էր աշխատավարձը, նույնիսկ այն աշխատողների, որոնք ժամանակավորապես աշխատանք չունեին, բայց ստանում էին իրենց աշխատավարձի երկու երրորդը։ Կոնսուլտացիաների արդյունքում մենք ձեռք էինք բերել պայմանավորվածություն, որ մինչեւ ամառվա սեզոնը կրճատումներ չեն լինելու մեր խոշորագույն հինգ կոմբինատներում եւ, բնականաբար, դա բավականին լուրջ սոցիալական խնդիր է լուծում մեր պետության համար։ Առաջին օգնությունը ցույց տվեցինք Քաջարանի կոմբինատին, որն ամենախոշորն է, որպեսզի կարողանա հաղթահարել ժամանակավոր դժվարությունները, ձեռք բերի այն սարքավորումները, որ նրա 2009թ. ծրագրում ներառված էին եւ արդյունքում կոմբինատի արտադրողականությունը կարող էր կտրուկ ավելանալ` այդ սարքավորումներն առաջին եռամսյակում պատվիրելու եւ ներմուծելու շնորհիվ, եւ ավելին` Քաջարանի կոմբինատի հետ աշխատող շուրջ 200 սատելիտային ձեռնարկություններ չէին զրկվի իրենց պատվերներից։
Արդյունքում` մենք կարողացանք այդ շրջանում լուծել ոչ միայն տնտեսական աճի հետ առնչվող խնդիր, այլ նաեւ լուրջ սոցիալական խնդիր։ Հասկանալի է, որ հակաճգնաժամային ծրագիրն իրականացնելիս, օպերատիվ շտաբն առաջնային նշանակություն է տալիս հենց այն ձեռնարկություններին, որոնք համակարգաստեղծ ձեռնարկություններ են, որոնց աշխատանքով է պայմանավորված լինում այս կամ այն համալիրի աշխատանքը, կամ` այս կամ այն ռեգիոնի սոցիալական իրավիճակը։ Ինչպիսին, ասենք, Սյունիքի մարզն էր։ Ուսումնասիրությունների երկրորդ ուղղությունը նվիրված է մասնավոր տրանսֆերտներին։ Գաղտնիք չէ, որ մասնավոր տրանսֆերտների տեսակարար կշիռը չափազանց բարձր է ՀՀ-ում եւ դրանց աճի տեմպի կրճատումը էական ազդեցություն է թողնում նաեւ սոցիալական վիճակի վրա։ Այստեղ մենք պետք է ուժեղացնենք մոնիտորինգը եւ բացահայտենք այն ընտանիքները, որոնք տրանսֆերտների կրճատման պատճառով նույնպես կարող են ունենալ սոցիալական խնդիրներ։ Մենք Համաշխարհային բանկի հետ քննարկում ենք այն խնդիրը, թե ինչպե՞ս դարձնել ավելի նպատակային մեր սոցիալական նպաստների համակարգը, ի՞նչ փոփոխություններ կարող ենք իրականացնել մեր չափանիշների մեջ, որոնցով ախտորոշում ենք սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի օգնությունը լինի նպատակային եւ միջոցների փոշիացում տեղի չունենա։ Փորձագետների գնահատականով, չնայած այն հանգամանքին, որ մենք մեր տեսչական ստուգումների արդյուքում, բացահայտում ենք հետաքրքիր դեպքեր, երբ մարդիկ կիրառում են ինչ-ինչ մեթոդներ, որպեսզի հայտնվեն սոցիալական նպաստ ստացողների ցանկում, բայց այնուամենայնիվ, ներդրված համակարգը հնարավորություն է տալիս բացահայտելու առավել անապահով ընտանիքներին եւ նրանց օգնություն տրամադրելու։ Իհարկե, մենք այսօր ունենք գնահատականներ, որ տնտեսական ցուցանիշների բարձրացման հետեւանքով, այդ ընտանիքների քանակը պետք է ավելանա եւ ՀԲ-ի ծրագրերում, որոնցով ստանալու ենք ֆինանսական միջոցներ, նույնպես հաշվի են առնում այդ հանգամանքը, որ մեր միջոցառումները պետք է ունենան սոցիալական բովանդակություն։
Հանրային, հասարակական աշխատանքների համար մենք բյուջեում նախատեսել էինք շուրջ 700 մլն դրամ։ Այստեղ էլ ունենք լուրջ պրոբլեմներ, որովհետեւ մեր նախարարության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, ցավոք, այդ միջոցներն արդյունավետ չեն ծախսվում համայնքներում, նպատակային չեն օգտագործվում եւ կառավարության նախորդ նիստում մենք որոշում կայացրինք եւ փոխեցինք համակարգի տրամաբանությունը` նպատակ ունենալով այդ միջոցների ծախսումը դարձնել արդյունավետ։ Սա մեզ համար կարեւոր է, որովհետեւ կարծում ենք, որ ՀԲ-ի տրամադրած միջոցների մի մասը կուղղվի այս միջոցների համալրմանը, եւ մեր ծախսերը հասարակական աշխատանքների կազմակերպման համար կլինեն ավելին, քան մենք մեր բյուջեում նախատեսել էինք։ Փոփոխության տրամաբանությունը կայանում է նրանում, որ համայնքները, մարզպետները վաղօրոք մեզ պետք է ներկայացնեն աշխատանքների ծրագրեր, եւ այդ աշխատանքները մեզ համար պետք է լինեն տեսանելի եւ չափելի։ Հետագայում մենք պետք է հնարավորություն ունենանք ստուգելու, որ այն աշխատանքները, ինչի համար հատկացրել ենք գումարներ` կատարվել են տեղերում։ Կարծում ենք, որ ամենամտահոգիչ ոլորտներից մեկը մեզ համար Էկոլոգիական իրավիճակն է, աղբահանությունը, որոնք չափազանց վատ վիճակում են գտնվում ՀՀ-ի ամբողջ տարածքով մեկ։ Եվ աղբահանության կազմակերպումը այն խնդիրներից մեկն է, որը հենց կարելի է հանրային աշխատանքների միջոցով իրականացնել։ Նաեւ կարծում եմ, արդյունքների մասին մեր բնակչությունը կարող է դատել այս տարվա ընթացքում` արդյո՞ք մեզ հաջողվել է աղբահանության ոլորտում լուրջ հաջողություններ արձանագրել, թե՞ ոչ։ Էական նշանակություն ունի առողջապահական համակարգը, եւ մեր ծախսերն առողջապահական ոլորտում պետք է լինեն այնպիսին, որ առաջին հերթին պաշտպանված լինեն սոցիալապես խոցելի խավերը, եւ այդ առումով նույնպես աշխատանքներ ենք իրականացնում։ Կրթական համակարգում` վերջին նախարարական կոմիտեի նիստում քննարկվում է մի նոր մոտեցում, որպեսզի բուհերում անվճար ուսուցման հնարավորութույն ստանան, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավերից բուհական համակարգում ընդգրկված ուսանողները, այն ուսանողները, որոնց ընտանիքները ֆինանսական վիճակի վատթարացման պատճառով ի վիճակի չեն վճարումներ իրականացնել, եւ այս խնդիրը նույնպես այսօր գտնվում է մեր ուսումնասիրությունների կենտրոնում, եւ միգուցե իմաստ ունի 2009թ.-ին ամբողջությամբ փոխել ֆինանսավորման համակարգը կրթական ոլորտում, բարձրագույն կրթության ոլորտում, եւ նախապատվությունն առաջին անգամ տանք հենց սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին։
Ավարտելով խոսքս, ուզում եմ մի կարեւոր թեզ նույնպես առաջ քաշել, այն է` սոցիալական խնդիրները, մանավանդ տնտեսական ցուցանիշների վատթարացման պարագայում, ունեն կարեւոր եւ էական նշանակություն մեր երկրում համերաշխության մթնոլորտ ձեւավորելու, եւ մեր երկրի տնտեսական դիմադրողականության բարձրացման առումով։ Կարծում եմ, որ այսօրվա մեր քննարկումները օգտակար կլինեն կառավարության համար։ Նաեւ ուզում եմ անել հետեւյալ շեշտադրումը, որ պոպուլիզմը խիստ վտանգավոր է այս պարագայում, որովհետեւ հայտնվում են գործիչներ, որոնք փորձում են` օգտվելով այս օբյեկտիվ դժվարություններից, բարձրացնել իրենց քաղաքական վարկանիշը եւ շատ հաճախ հանդես են գալիս անհիմն հայտարարություններով, որն ամենեւին էլ չի նպաստում սոցիալական խնդիրների արդյունավետ կարգավորմանը եւ լուծմանը։
Ես ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին` այս հանդիպման համար եւ համոզված եմ, որ քննարկումները, գաղափարները, որ այստեղ կհնչեն, օգտակար կլինեն կառավարությանը` սոցիալական ծրագրեր մշակելու պարագայում։
Շնորհակալություն»։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98