ՀԱՐՑՎԱԾՆԵՐԻ 90%-Ը ԴԵՄ Է, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի անցկացրած հարցումնների արդյունքներով՝ մեծամասնությունը` 81.5%-ը, բացասական գնահատական է տվել 2009թ. փետրվարի 21-ին ՀՀ վարչապետի՝ Թուրքիային արած հրավերին՝ մասնակցելու Հայաստանի նոր ատոմակայանի շինարարությանը:
Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 92.0%-ը, դեմ է նաև թուրքական ընկերություններին ՀՀ նոր ատոմակայանի բաժնետոմսերի վաճառքի գաղափարին։ Միանշանակ կողմ է արտահայտվել միայն 1.5%-ը: Իսկ 4%-ը կողմ է, սակայն վերապահումներով:
«Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները» թեմայով հարցումը անցկացվել է Հայաստան-Թուրքիա միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Վերջին մեկ ամսվա ընթացքում հարցաշարին պատասխանել է ավելի քան 200 մարդ՝ գիտնականներ, փորձագետներ, մտավորականներ, ուսանողներ։ Հարցվողների թվում է 45 գիտնական և փորձագետ։ Այս մասին ապրիլի 14-ին հայտնեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։
«Հայաստանի Հանրապետության նոր միջուկային էներգաբլոկի կառուցման մասին» օրենքի նախագիծը, որով Թուրքիան իրավունք է ստանում գնելու նոր ատոմակայանի բաժնետոմսերը, արդեն Ազգային ժողովում է։ Ա. Այվազյանը նշեց, որ Հայաստանի նոր ատոմակայանի կառուցմանը Թուրքիայի մասնակցությունը կհանգեցնի Հայաստանի տնտեսական կախվածության Թուրքիայից, արհեստականորեն առաջացած տեխնոգեն աղետի, ճնշումների, սպառնալիքների։
Անդրադառնալով քննարկման մասնակիցներից մեկի այն դիտարկմանը, որ թող Հայաստանը բաժնեմաս ունենա Թուրքիայի որևէ ռազմավարական օբյեկտում՝ Ա. Այվազյանը ասաց, որ Թուրքիան արգելեց ռուսական «Տրոյկա Դիալոգ» ընկերությանը բաժնեմաս ունենալ իր ոչ ռազմավարական օբյեկտներից մեկում, քանի որ այդ ընկերության ներկայացուցիչներից մեկը ազգությամբ հայ էր։
Ինչ վերաբերում է Հայաստանի ատոմակայանի կառուցման գործում Թուրքիայի քննարկվող մասնակցության տնտեսական շահավետությանը, ապա կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը ասաց, որ մինչ այժմ այդ մասնակցության խնդիրը դիտարկված չէ Հայաստանի տնտեսական անվտանգության տեսանկյունից, և ներկայացված ու քննարկված չէ հաշվարկներով հիմնավորված որևէ պաշտոնական փաստաթուղթ։
Սոնա Ավագյան