Franck Muller-ի հայ հիմնադիրը Հայաստանում կբացի թանկարժեք մետաղների զտարկման գործարան
Կենտրոնական բանկի և «Թեքնոսերտ» ընկերության միջև ստորագրվել է Հայաստանում թանկարժեք մետաղների, հիմնականում ոսկու և արծաթի զտարկման (աֆինաժի) գործարանի ստեղծման վերաբերյալ Մտադրությունների մասին հուշագիր: Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, շվեցարական «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության հիմնադիր, «Արմսվիսսբանկի» և «Թեքնոսերտ» ընկերության խորհրդի նախագահ Վարդան Սիրմաքեշը, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մակարոնը և այլոք:
Գործարանի գործունեության հիմնական նպատակն է հանդիսանալու 999.9 հարգի բանկային ստանդարտացված ձուլակտորների արտադրությունը և վաճառքը Հայաստանում և միջազգային շուկայում՝ Հայաստանում արդյունահանվող ոսկու և արծաթի հանքանյութի (խտանյութի) մշակումով: Գործարանի ստեղծմանն ու հետագա կառավարմանը պետք է ներգրավվեն տվյալ ոլորտում միջազգային փորձ և հեղինակություն վայելող ընկերություններ: