Տնտեսական

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00-1.00
EUR BUY - 417.00+1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 76.05+2.04 WTI - 71.69+1.98
COMEX:  GOLD - 2760.80+0.81 SILVER - 33.88+0.80
COMEX:  PLATINUM - 1034.90+1.32
LME:  ALUMINIUM - 2677.50+1.04 COPPER - 9602.50+1.00
LME:  NICKEL - 16167.00-0.79 TIN - 31325.00+0.61
LME:  LEAD - 2046.00-1.37 ZINC - 3102.00-2.28
FOREX:  USD/JPY - 152.3+0.37 EUR/GBP - 1.0793-0.26
FOREX:  EUR/USD - 1.0793-0.26 GBP/USD - 1.2959-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42114.40-0.61 NASDAQ - 18518.61+0.56
STOCKS US: S&P 500 - 5808.12-0.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 37913.92-0.60 TOPIX - 2618.32-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 20590.15+0.49 SSEC - 3299.70+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8248.84-0.25 CAC40 - 7497.54-0.08
STOCKS EUR:  DAX - 19463.59+0.11
25/10/2024  CBA:  USD - 387.25+0.11 GBP - 502.92+0.72
25/10/2024  CBA:  EURO - 419.20+1.13
25/10/2024  CBA:  GOLD - 34014.43-45.72 SILVER - 424.99-4.55
Արթուր Խաչատրյան. «Շիրակ» օդանավակայանի գրավչությունն ամեն տարի աճում է
16/02/2018 11:45
Կիսվել

Արթուր Խաչատրյան. «Շիրակ» օդանավակայանի գրավչությունն ամեն տարի աճում է

Նոր աշխատատեղեր, զբոսաշրջության ոլորտի զարգացում, քաղաքաշինական ծրագրեր: Շիրակի մարզպետարանը 2018 թվականին ծավալուն աշխատանքներ է նախատեսել տարբեր ուղղություններով: Ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ:

– Պարոն մարզպետ, 2017 թվականն ինչպիսի տարի էր Շիրակի մարզի համար։ Ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք։

– 2017 թվականն աշխատանքի ու ձեռքբերումների տարի կարելի է համարել: Այս առումով, եթե համառոտ ասեմ, ապա կկարևորեմ համայնքների եկամուտների հավաքագրման հարցում արձանագրված աննախադեպ բարձր կատարողականը, նախորդ տարվա համեմատ ավելի է հավաքագրվել շուրջ 389 մլն դրամ: Նաև մշակվել և կառավարությանն է ներկայացվել մոտ 15 ներդրումային ծրագիր: Ֆինանսավորվել են 2-ը, որոնցից մեկը` 100 մլն դրամ արժողությամբ,  մինչ այժմ ֆինանսավորված ամենամեծ ծրագրերից է: Խոսքս Գյումրու «Մարզամշակութային կենտրոնի» մասին է: Գործարար ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել նախկին Տեքստիլագործների ակումբը, կառուցել համերգային և կոնֆերանս դահլիճներ, ֆիթնես կենտրոն: Ըստ նախատեսվածի` աշխատանքները կավարտվեն և կենտրոնը շահագործման կհանձնվի 2018 թվականի առաջին կիսամյակում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 30 աշխատատեղ: Հավանության է արժանացել նաև «Շիրակ» հյուրանոցի շենքի վերականգնման` «Բասենի Գովք» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Բասենի հյուրանոցային համալիրի և առևտրի կենտրոնի կառուցում» ներդրումային ծրագիրը, որի իրականացման արդյունքում կստեղծվի 100-150 աշխատատեղ: Այս ամենից զատ մշակվել ու տարածքային զարգացման հիմնադրամին 42 համայնքների կողմից ներկայացվել են  34 համայնքային զարգացման ծրագրեր, որոնցից 28-ը հավանության են արժանացել: Համայնքների ներկայացրած ծրագրերն հիմնականում վերաբերում են գյուղատնտեսության, ՏՏ, զբոսաշրջության, էներգախնայող և վերականգնվող էներգետիկայի ոլորտներին: Մարզի հյուսիսային համայնքների զարգացման ծրագրերի քննարկումը մտել է ավարտական փուլ (Համաշխարհային բանկի վարկային ծրագիր): Կապիտալ շինարարության ծավալները մոտ 2 անգամ ավել են եղել 2016-ի ծավալներից: Մշակվել է մարզի զարգացման 2018-2025 թթ. ռազմավարությունը, որտեղ հստակեցվել են մարզի զարգացման ուղղությունները: ԵՄ հայաստանյան պատվիրակությունը հաստատեց, որ Շիրակը լինելու է ԵՄ ծրագրերի կիզակետում:

Մեկ կարևոր հանգամանք ևս, խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրություններն անցան առանց ցնցումների և խնդիրների:

– Մարզպետարանի աշխատանքներում որո՞նք են լինելու 2018 թվականի առաջնահերթությունները։ Ի՞նչ խնդիրների ու ծրագրերի վրա եք առաջնային կենտրոնանալու:

– Բնականաբար 2018-ից սպասելիքներն ավելին են: Մեր առաջիկա ծրագրերից են` ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել մարզի տուրիզմի զարգացման հայեցակարգը, մեծացնել մարզ այցելող զբոսաշրջիկների թիվը և զբոսաշրջության եկամտաբերությունը, նոր հաստատված չափորոշիչներով հնարավորինս մեծ թվով ներդրումային ծրագրեր ներկայացնել կառավարություն, համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում իրականացնել առնվազն 5 համայնքային զարգացման ծրագիր, ավելացնել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ծավալները, առողջապահական կազմակերպությունների տարեկան բյուջեներում ավելացնել վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը` ի հաշիվ նոր ծառայությունների մատուցման և ստվերի կրճատման, բարձրացնել կրթական հաստատությունների կառավարման արդյունավետությունն ու կրթության որակը, բարձրացնել գյուղատնտեսության արդյունավետությունը, խթանել բարձրարժեք և ինտենսիվ գյուղատնտեսությունը, ավելացնել ոռոգելի տարածքները: Մի խոսքով, առիթ ունեցել եմ ասելու` մենք արդեն կարողացել ենք օգնության կարիք ունեցող մարզ լինելու փոխարեն, խոսել զարգացման պոտենցիալ ունեցող մարզի մասին: Իսկ պոտենցիալը, կարծես թե նկատում են նաև օտարերկրյա ներդրողները, հատկապես ՏՏ բնագավառում, բառացիորեն մեկ-երկու օր առաջ հյուրընկալեցի Լեհաստանում Հայաստանի Զարգացման հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ, «Blue Idea» ընկերության նախագահին, ով վստահեցրեց, որ լեհական ՏՏ ընկերությունների պատվերները կփոխանցվեն Գյումրու ծրագրավորողներին, սա արդեն խոսում է այն մասին, որ պետության քայլը` Գյումրին տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու առումով, տալիս է արդյունքները: Այսպիսի համագործակցությունը մենք կարևորում ենք մի քանի պատճառներով, նախ, որ առաջավոր փորձի ընդօրինակման ու յուրացման հնարավորություն է լինում, հետո` նոր շուկաներ դուրս գալու հնարավորությունն է մեծանում, երրորդը` լրացուցիչ ֆինասական հնարավորություններ են ընձեռվում: Գիտելիքի դարաշրջանում միայն նորարարության վրա հիմնված տնտեսությունը կարող է մրցունակ լինել:

– Այս տարի լրանում է երկրաշարժի 30-րդ տարելիցը։ Աղետի գոտում ի՞նչ խնդիրներ են շարունակում չլուծված մնալ։ Դեռ քանի՞ անօթևան ընտանիք է սպասում բնակարանի։

– Իրապես, երկրաշարժը երբեմնի արդյունաբերական քաղաքի բոլոր հզորությունները կործանեց: Անդառնալի մարդկային կորստից զատ, լուրջ կորուստներ եղան բնակֆոնդի առումով: Տասնամյակների ընթացքում մարզում բավական լուրջ ու ծավալուն վերականգնողական աշխատանքներ են իրականացվել: Միայն 2017թ. իրականացված «Բնակարանների գնման վկայագրեր» (ԲԳՎ)  ծրագրի միջոցով Գյումրի քաղաքում շահառու ճանաչված 82 ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ: Դեռևս բնակարանային փոխհատուցում չեն ստացել մարզի 12 գյուղական բնակավայրերում երկրաշարժից անօթևան մնացած և ՀՀ քաղաքաշինության նախարարի /ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի/ համապատասխան հրամաններով բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված 162 ընտանիքներ: Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անհատական բնակելի տուն կորցրած և Գյումրու քաղաքապետարանի 01.11.2008թ. դրությամբ հաստատված երկրաշարժից անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված 94 ընտանիքների համար նույնպես դեռևս չի իրականացվել բնակարանային ապահովման ծրագիր:  Եթե ընդհանրացնեմ, ապա պետք է նշել, որ 1988թ. երկրաշարժից հետո մինչև օրս իրականացված բնակարանային շինարարության, ԲԳՎ տրամադրման միջոցով բնակարանային ապահովման, ինչպես նաև անհատույց ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրերի  շրջանակներում բարելավվել են թվով 23133 (Գյումրի քաղաքում՝ 21184) անօթևան ընտանիքների բնակարանային պայմանները:

Այս ամենով հանդերձ, բնականաբար, անելիքներ դեռևս շատ կան: Քաղաքաշինության ոլորտում բարեփոխումների իրականացման համար դեռևս առկա հիմնախնդիրներից առավելապես կարևորվում է տասնյակ տարիներ շահագործված և երկրաշարժի հետևանքով 3-րդ աստիճանի վնասվածության թվով 118 (որից 88-ը՝ Գյումրիում) բազմաբնակարան բնակելի շենքերի ամրացման-վերականգնման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: ՀՀ Շիրակի մարզի 2019-2021 թ.թ. ՄԺԾ ծրագրի հայտում առաջարկվել է 118 շենքերից թվով 42 շենքերը, որոնք  ընդգրկված չեն պատմամշակութային հուշարձանների ցանկում և իրենցից մշակութային արժեք չեն ներկայացնում ապամոնտաժել  ու փուլ առ փուլ  874 ընտանիքների համար իրականացնել ԲԳՎ-ների տրամադրման ծրագիր (խնդրի լուծումը նման եղանակով կբերի շուրջ 3.101 մլրդ դրամ գումարի տնտեսում):

– Պարոն Խաչատրյան, մարզում գործազրկության ինչպիսի՞ մակարդակ կա և ի ՞նչ ներդրումային ծրագրեր են ակնկալվում, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանը։

– 2018 թվականի հունվարի մեկի դրությամբ Շիրակի մարզում գրանցված աշխատանք փնտրողների թիվը 16 հազար է, նրանցից 12886-ը ունի գործազուրկի կարգավիճակ: Գործազրկությունն ու աղքատությունը մեր մարզի գերխնդիրներն են շարունակում մնալ, այնպես, որ  ոչ մեկի համար գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ աշխատատեղերի ստեղծումը մեզ համար  առաջնային նշանակություն ունի: Նախորդ տարի մարզում փաստացի գրանցվել է   22.15 մլրդ դրաﬕ ներդրում, իսկ ընթացիկ տարի այդ թվի աճ ենք ակնկալում: Պետությունն էլ իր մասով առանձնացրել է, թե կոնկրետ Շիրակի մարզում ինչ ծրագրեր են նախատեսվում, և ըստ այդմ կազմվել է բյուջեն, հենց դրանով պայմանավորված կարող ենք ասել, որ ներդրումը կազմում է 26 մլրդ դրամից ավելի` ﬕայն արդյունաբերության, ՓՄՁ հատվածը՝ ներառյալ զբոսաշրջությունը:

Շիրակի մարզում 2018 թվականին արդյունաբերության ու ՓՄՁ հատվածի զարգացման շրջանակներում ակնկալվում է նոր աշխատատեղերի ստեղծում:  Նոր աշխատատեղեր նախատեսվում են ինչպես փոքր ու ﬕջին ձեռնարկությունների, այնպես էլ` ՏՏ, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության ոլորտներում: Ասեմ, որ աշխատատեղերի ստեղծում  նախատեսվում է ոչ ﬕայն մարզկենտրոնում, այլև մարզի մյուս բնակավայրերում՝ Ամասիա, Մարալիկ, Արթիկ:

– Ներդրումների համատեքստում բավական կարևոր են «Շիրակ» օդանավակայանում իրականացվող աշխատանքները։ Մարզում ինչպիսի ակտիվություն է ակնկալվում օդանավակայանում արվող ներդրումներին զուգահեռ։ Ենթակաոուցվածքների զարգացման ինչ ծրագրեր կան նախատեսված։

-Կառավարությունը «Շիրակ» օդանավակայանի գրավչության բարձրացման և զարգացման նպատակով քայլեր է ձեռնարկում: 2017թ-ին օդանավակայանում նոր ընկերություններ սկսեցին թռիչքներ իրականացնել: Օրերս ծանոթացա օդանավակայանի ուղևորների տեղաշարժի ցուցանիշներին,  2018 թվականի հունվար ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 10 876 մարդ: 2016 թվականի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 4624 մարդ:    «Շիրակ» օդանավակայանում 2018 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած, 11 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: 

Սա վկայում է այն մասին, որ «Շիրակ» օդանավակայանի նկատմամբ հետաքրքրությունն  ավելացել է՝  ինչպես այնտեղ արդեն իսկ ներկայացված, այնպես էլ նոր ավիաընկերությունների կողմից:

Իսկ եթե խոսենք ընդհանուր ենթակառուցվածքներին առնչվող ծրագրերի մասին, ապա նշեմ, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ էներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման, կառավարման ավտոմատացված համակարգի ընդլայնման ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում կիրականացվեն 190 մլն. դրամի աշխատանքներ: «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ի կողմից մարզում նախատեսվում է իրականացնել 67.583 մլն դրամի ներդրումային ծրագիր: Գերմանական KFW բանկի վարկային ծրագրի 3-րդ փուլով  2018թ. նախատեսվում է 17 մլն.դրամ գումարի շրջանակներում ավարտին հասցնել Գյումրու և մարզի թվով 13 համայնքների ջրամատակարարման և  ջրահեռացման համակարգերի վերակառուցման աշխատանքները: Գերմանիայի զարգացման վարկերի բանկի ներդրումային ծրագրով նախատեսված 1730,0 մլն.դրամ գումարի շրջանակներում 2018թ. իրականացվելու է  Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագիր (այդ թվում Կապսի ջրամբարի կառուցմանն ուղղված աշխատանքներ):

– Վերջին շրջանում զբոսաշրջության ոլորտի զարգացման համատեքստում կառավարության ուշադրության կենտրոնում է Շիրակը։ Կխնդրեմ ներկայացնեք այս ոլորտում վերջին տարիների դինամիկան:

– Ես արդեն նշեցի, որ մենք կարևորում ենք զբոսաշրջության զարգացումը, մարզի զարգացման ռազմավարության մեջ զբոսաշրջությանն առանձնահատուկ ուշադրություն է դարձվել: Բազմաթիվ անգամներ նշել եմ, որ մեր մարզում զբոսաշրջիկներին հետաքրքրող շատ վայրեր ու կառույցներ կան, որոնք, ցավոք, շատերին դեռ հայտնի չեն: Իհարկե, դրական տեղաշարժեր կան: Մեր փորձարարական գնահատականներով 2017 թվականին Շիրակի մարզ այցելել է  34800 զբոսաշրջիկ:  Մարզում գործում է 13 հյուրանոց:

Մենք արդեն մշակել ենք Շիրակի մարզի զբոսաշրջության զարգացման հայեցակարգը, որն արվել է Շիրակի մարզպետարանի կողմից հաշվի առնելով Շիրակի մարզի զբոսաշրջության ոլորտի ներկա վիճակի, մարզի 2018-2025 թթ. զարգացման ռազմավարության մեջ սահմանված առաջնահերթությունների զբոսաշրջության զարգացման տեղական տուրիստական գործակալությունների ու մասնավոր հատվածի կողմից ներկայացված խնդիրների ու առաջարկությունների ուսումնասիրության և վերլուծության արդյունքները: Հայեցակարգի նպատակն է համակարգված ձևով ներկայացնել մարզում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, մարզի առավելություններն ու ներուժը, բացահայտել և նկարագրել այն զբոսաշրջային ուղղությունները, որոնք կարող են շոգեքարշի դեր կատարել ոլորտի զարգացման համար: Հայեցակարգն արդեն ներկայացված է հանրային քննարկման:

– Այս տարի զբոսաշրջության ոլորտի զարգացման ինչ  ծրագրեր են նախատեսված։

– Ասածս թվերը  մեզ գոհացնող ցուցանիշներ չի կարելի համարել, անելիքներ ունենք դեռ, զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է ենթակառուցվածքների համաչափ զարգացում: Արփի լիճ ազգային պարկում էկոտուրիզմի և ակտիվ տուրիզմի զարգացման նպատակով անհրաժեշտ է մշակել հատուկ ծրագիր, մասնավորապես՝ կառուցել հանրային սպասարկման, հանգստի և զվարճանքի կենտրոններ, Շիրակի մարզի տուրիստական երթուղիների էլեկտրոնային քարտեզի ստեղծում, Հառիճի և Մարմաշենի վանական համալիրների, Երերույք տաճարի, Վահրամաբերդի ամրոցի հարակից տարածքներում, հուշանվերների, մշակութային արտադրանքի վաճառքի տաղավարների հիմնում և այլ ծառայությունների մատուցում: 2018 թվականին պետության, մասնավոր հատվածի, համայնքի և միջազգային կազմակերպությունների կողմից նախատեսված է զբոսաշրջության խթանմանն ու զարգացմանն ուղղությամբ իրականացնել շուրջ 1.33 մլրդ դրամի ներդրումներ, որից՝ «Կումայրի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդը՝ 0.5 մլրդ դրամ է: Թերևս հիշում եք` 2017-ին հանդիսավորությամբ բացվեց Գյումրու Ռուսթավելի փողոցը, որի շինաշխատանքների ու վերականգնման ընթացքը ՀՀ վարչապետի անմիջական ուշադրության ներքո էին: Փողոցը ամբողջությամբ նորոգվել է «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում: Շուրջ 9000 քմ մակերեսով հիմնանորոգված հատված, գրանիտե նոր սալաքարեր, լիարժեք կահավորում` լուսավորություն, նստարաններ, ծաղկամաններ, լիարժեք վերականգնված կոմունիկացիոն համակարգեր` գազատար, ջրատար խողովակներ և այլն: Ինչպես նաև նախատեսվում է ԵՄ աջակցությամբ Աշոցքի տարածաշրջանը դարձնել բացօթյա տուրիզմի կենտրոն: Վերոնշյալ ներդրումների հաշվին նախատեսվում է կառուցել մեկ նոր հանգստի գոտի և երկու հյուրանոցային համալիրներ` ստեղծելով 30 նոր աշխատատեղ: Մի խոսքով, սա այն բնագավառն է, որ կառավարության ուշադրության կենտրոնում է, կարծում եմ մեր սպասելիքները կիրականանան:

– Զբոսաշրջության ոլորտի զարգացմանը զուգահեռ կարևորվում են որակյալ ճանապարհները։ Այս տարվա ընթացքում ի՞նչ ճանապարհաշինական ծրագրեր են նախատեսված։

– Ընդհանուր առմամբ՝ 2017 թվականին մարզում ճանապարհաշինության բնագավառում ներդրումների ծավալը կազմել է 10 միլիարդ 890 միլիոն  դրամ:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկը ազդարարվել է 2016 թվականին: 2017 թվականին աշխատանքները շարունակվել են: Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» շրջանակներում հիմնանորոգվել է Տ-7-50՝ Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհը 11.0 կմ երկարությամբ (1.492 միլիարդ դրամ):

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պատվիրատվությամբ իրականացվել են նաև Հ17` Արմավիր-Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գյումրի-Նորշեն 2 կմ երկարությամբ հատվածի (35 մլն. դրամ) և Մ-1` Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գյումրի-Բավրա 1.6 կմ երկարությամբ հատվածի (200 մլն. դրամ) վերանորոգման աշխատանքները:

2017 թվականին ՀՀ Շիրակի մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվել են Ախուրյան համայնքի Նոր Ախուրյան թաղամասի 0.42 կմ երկարությամբ (17.9 մլն դրամ), Տ-7-24՝ Հառիճ-Նահապետավան-Հ21 0.25 կմ երկարությամբ (17.3 մլն դրամ) և Տ-7-70՝ Հոռոմ-Հովտաշեն 0.42 կմ երկարությամբ (34.0 մլն դրամ) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասնակի վերանորոգման աշխատանքները:

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի» շրջանակներում 2018 թվականին կհիմնանորոգվի Տ-7-41՝ Հ32-Վահրամաբերդ-Հովունի-Մ1 մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհը 6.0 կմ երկարությամբ, շուրջ 647.04 մլն դրամ, իսկ տարեվերջին կսկսվեն նաև Տ-7-25՝ Մ1-Հայրենյաց-Տուֆաշեն-Հ83 մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: 2018 թվականին կշարունակվի նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները:

– Եթե կարելի է անդրադառնանք համայնքների խոշորացմանը։ Համայնքների միավորման գործընթացից  ի՞նչ դրական և բացասական կողմեր կառանձնացնեք։ Արդյո՞ք դժգոհություններ կան կամ այս ընթացքում խնդիրներ եղել են։

– Ասեմ, որ մեր մարզում առաջին փուլով Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների 44 համայնքների միավորման արդյունքում ձևավորվեցին 4 համայնքներ` Ամասիա, Աշոցք, Արփի և Սարապատ: Իսկ երկրորդ փուլով 40 համայնքների խոշորացման արդյունքում` 3 համայնք` Մարմաշեն, Ախուրյան և Անի:  Այս համայնքներում  արտառոց խնդիրներ չեմ հիշում, որ առաջացած լինեն, եթե եղել են, ապա առօրյա հարցեր, որոնք լուծվել են: Սրան հակառակ, համայնքներում իրականացվել են ծրագրեր, որոնք տարիներ շարունակ չէր հաջողվում անել: Օրինակ, երկար տարիներ Ողջի բնակավայրը զրկված էր փողոցային լուսավորությունից, այժմ բնակավայրում անցկացվել է 20 կետ փողոցային լուսավորություն: Թարմացվել են Արեգնադեմ, Բանդիվան, Ամասիա, Գտաշեն բնակավայերի փողոցային լուսավորության ցանցերը, ձեռք է բերվել տեխնիկա: Ամասիայում 2016-2017 թթ. խստաշունչ և ձնառատ ձմռան ընթացքում ապահովվել է բոլոր բնակավայրերի փողոցների և դպրոցների, այլ օբյեկտների ճանապարհների մաքրումը:

Արփի համայնքի մեջ մտնող Բերդաշեն բնակավայրի  ներհամայնքային 2կմ, Բերդաշեն-Զորակերտ և Զորակերտ-Ծաղկուտ բնակավայրերի ավազակոպճային տարբերակով միջհամայնքային 10 կմ  ճանապարհի վերանորոգում  է իրականացվել,

Զարիշատ և Գառնառիճ բնակավայրերի փողոցների լուսավորության ցանց է անցկացվել: Այսպիսի աշխատանքներ երկար կարելի է թվել, այնպես, որ խոշորացումը ես դիտարկում եմ կառավարման խոշորացման, միջոցների համատեղման համատեքստում, ինչը դրական արդյունքներ է արձանագրել:

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի

AMP
25/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.25
+0.11
Եվրո (EUR)
419.20
+1.13
Ռուբլի (RUR)
4.01
+0.01
Լարի (GEL)
141.79
-0.15
34014.43
-45.72
Արծաթ
424.99
-4.55