ՏՄՊՊՀ – ADC ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԻՆՏԵՐՆԵՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ» ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼԻՔ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՉԷ
«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ն (ADC) դիմել էր Հանձնաժողով, հայտնելով, որ համակարգչային գլոբալ ցանցի «.am» տիրույթում ցանկություն ունի իրականացնել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հանգուցային անվանումների գրանցման ծառայություն, եւ երրորդ անձանցից հավաքագրված տվյալները գլոբալ ցանցում վերջնական գրանցում իրականացնելու նպատակով պատրաստվում է ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ընկերության հետ:
«Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնի» կողմից ADC ընկերությանը ներկայացվել էր «.am» տիրույթում հանգուցային անվանումների գրանցման «Վճարովի ծառայություններ մատուցելու մասին» պայմանագրի տարբերակ, որով սահմանվել էր ADC –ի եւ երրորդ անձանց միջեւ կնքվող ծառայությունների ֆիքսված գին` 13200 դրամ: Ըստ ADC-ի, այն կարող էր հանգեցնել վերը նշված ծառայությունների մատուցման ոլորտում մրցակցության արգելմանը եւ գործարքը կարող էր համարվել հակամրցակցային համաձայնություն: Դիմելով Հանձնաժողովին, ADC-ն խնդրել էր եզրակացություն տալ կնքվող պայմանագրի նախագծի վերաբերյալ:
Դիմումի հիման վրա հարուցված վարույթի շրջանակներում կայացած լսումների արդյունքում ADC-ն եւ «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնը» ներկայացրել են պայմանագրի լրամշակված նախագիծ, որի վերլուծության արդյունքում Հանձնաժողովը որոշեց, որ համաձայնության նախագծի կնքումը չի հանդիսանում հակամրցակցային համաձայնության կնքում. ընկերություններն ազատ են` համաձայնությունը կնքելու հարցում: