ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատն այսուհետ կհամագործակցեն` իրականացնելով բազմաթիվ միջոցառումներ` համահայկական ցուցահանդեսներ, Հայաստան-Սփյուռք տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված համաժողովներ, կլոր սեղաններ, համացանցային տեսակոնֆերանսներ: Հայաշատ երկրներում կանցկացվեն տարբեր ցուցահանդեսներ եւ տնտեսական համաժողովներ, ինչպես նաեւ կհրատարակվեն տեղեկատվական եւ գովազդային տեղեկագրեր: Նշված ծրագրերը կյանքի կոչելու համար կստեղծվեն համատեղ աշխատանքային խմբեր:
Այսօր այս 2 կառույցների միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր: Լրագրողների հետ հանդիպմանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը տեղեկացրին, որ այս քայլի նպատակն է` աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայաշատ համայնքներում աշխուժացնել գործարար հայերի գործունեությունը` երկուստեք օգտագործելով առկա հնարավորությունները եւ ներուժը: Մ. Սարգսյանն ընդգծեց, որ այս պարագայում իրենց առջեւ դրած կարեւոր խնդիրներից է նաեւ հայկական ապրանքատեսակների արտահանումը: