Տնտեսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
2019թ․ Հայաստանը կստանձնի նախագահությունը ԵԱՏՄ-ում․ Ամփոփվել է անցնող տարին
24/12/2018 12:12
Կիսվել

2019թ․ Հայաստանը կստանձնի նախագահությունը ԵԱՏՄ-ում․ Ամփոփվել է անցնող տարին

2018թ․ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում շարունակվել են տնտեսական ինտեգրման խորացման, պետությունների միջև համագործակցության ապահովման, նրանց տնտեսական ներուժի բացահայտման և իրացման, նախանշված ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատանքները։ Ռուսաստանի նախագահությամբ կառույցում քայլեր են ձեռնարկվել մի շարք գերակայությունների կյանքի կոչման ուղղությամբ, ինչպիսիք են տնտեսության թվայնացման գործընթացի շարունակականության ապահովումը, ինտեգրացիոն գործընթացների խորացումը, գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը, միջազգային գործընկերների հետ հարաբերությունների ակտիվացումը և այլն։

Այսպես, թվային օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ բավական կարևոր էր նորմատիվային և ինստիտուցիոնալ բազայի ստեղծումը, որը թույլ կտա 2019թ․-ին իրականացնել տարբեր խոշոր թվային ծրագրեր։ Հատկանշական է, որ տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նման ծրագրերի նախաձեռնությունների առաջարկներ է ստացել ինչպես ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմիններից, այնպես էլ գործարար շրջանակներից։ Սա վկայում է կառույցի աշխատանքների նկատմամբ բիզնես շրջանակների հետաքրքրության բարձրացման և նրանց միջև համագործակցության խորացման մասին։ Այս ոլորտում պիլոտային մի քանի ծրագրեր արդեն իրականացվել են, և այժմ այդ նախաձեռնությունների վերլուծության արդյունքներն ամփոփելով՝ փորձագետներն աշխատում են թվային ծրագրերի իրականացման մեխանիզմների մշակման ուղղությամբ։

Ինտեգրման խորացումը Միության առաջնային և կարևորագույն առաջնահերթություններից մեկն է։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018թ․ ամփոփիչ նիստին ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդներն «Ինտեգրման գործընթացների հետագա խորացման մասին» հռչակագիր են ստորագրել, որով համաձայնել են ինտեգրման օրակարգում նոր խնդիրներ ներառել, ինչպես, օրինակ, Միության միասնական շուկայի արդյունավետության բարձրացումը և դրա հնարավորությունների լիարժեք իրացումը, գիտաարդյունաբերական և տեխնոլոգիական զարգացումը, ինտեգրման ազդեցության ապահովումը մարդկանց կենսամակարդակի բարձրացման հարցում և այլն։

Գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծումը ԵԱՏՄ-ի՝ մինչև 2025թ․-ի առաջնահերթությունների շարքում է։ Ըստ մշակված ժամանակացույցի՝ 2018թ․ Միության անդամ երկրների ղեկավարների կողմից հաստատվել է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ծրագիրը։ Նշենք, որ սա բավական երկարաժամկետ գործընթաց է, որի շրջանակներում ձեռնարկված միջոցառումները պետք է ուղղված լինեն այդ շուկաներում մրցակցության բարձրացմանը, գազատրանսպորտային համակարգերի նկատմամբ ոչ խտրական մուտքի ապահովմանը և անցմանը շուկայական գնագոյացության, ինչն էլ, ըստ տնտեսագիտական գնահատականների, կնպաստի ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական կայունությանը և էներգետիկ անվտանգության բարձրացմանը։

Միջազգային տնտեսական համագործակցությունն ինչպես առանձին երկրների, այնպես էլ տարածաշրջանային ինտեգրացիոն կառույցների հետ եղել և շարունակում է մնալ ԵԱՏՄ-ի գործունեության առանցքային ուղղություններից մեկը։ Ի դեպ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որն, ըստ էության, պատասխանատու է միջազգային համագործակցության համար, կարևոր է համարում նոր գործընկերների ներգրավումը բազմակողմ նախագծերում ոչ միայն եվրասիական տարածաշրջանից, այլ նաև մյուս մայրցամաքներից։ 2018թ․ աչքի ընկավ միջազգային համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրմամբ և գործընկերային նոր կապերի հաստատմամբ։ Մասնավորապես, 2018թ․ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Կուբայի կառավարության հետ ստորագրել է «Փոխըմբռնման հուշագիր» (հունիսի 4), իսկ Թայլանդի կառավարության հետ՝ «Համագործակցության մասին հուշագիր» (նոյեմբերի 19)։ Այս փաստաթղթերը հիմնականում ուղղված են կողմերի միջև փորձի փոխանակմանը, ապրանքաշրջանառության և այլ ոլորտներում տնտեսական համագործակցության ներուժի բացահայտմանն ու իրացմանը։ Լատինաամերիկյան երկրների հետ հարաբերությունների զարգացմանն է միտված Հանձնաժողովի և Լատինաամերիկյան տնտեսական համակարգի միջև ստորագրված «Փոխըմբռնման հուշագիրը» (մայիսի 29) և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի հետ առևտրատնտեսական համագործակցության մասին հուշագիրը (դեկտեմբերի 18)։ 2018թ․ մայիսի 24-ին տեղի է ունեցել ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ ձևաչափով առաջին բիզնես-երկխոսությունը։ Այս առումով պետք է նշել, որ ԱՍԵԱՆ-ը ևս բավական շահագրգռված է ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերի ամրապնդմամբ․ երկուստեք այս համագործակցությունը համարվում է բավական հեռանկարային և ակտուալ։ Դրա մասին է վկայում նաև ԵԱՏՄ-ի և ԱՍԵԱՆ-ի միջև «Փոխըմբռնման հուշագրի» ստորագրումը (հունիսի 14) և  կողմերի կենտրոնակայանների միջև մշտական կապի հաստատման մասին պայմանավորվածությունը։ Բացի հետագա համագործակցության ուղղությունները նախանշելուց, սա, ըստ էության, թելադրված է նաև կողմերի միջև օպերատիվ և արդյունավետ կապի առկայության հրամայականով։

2018թ․ կարևոր էր նաև Մոլդովայի հետ ԵԱՏՄ-ի համագործակցության մակարդակի բարձրացման տեսանկյունից․ մասնավորապես, 2018թ․ մայիսի 14-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Մոլդովային շնորհվել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ։ Սա նշանակում է, որ համապատասխան հրավերի դեպքում Մոլդովայի ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել ԵԱՏՄ մարմինների նիստերին՝ առանց որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքի։

2018թ-ին շարունակվել է նախկինում ստորագրված փաստաթղթերի կյանքի կոչումը, ինչպես նաև երկկողմ աշխատանքային խմբերի ակտիվ գործունեությունը։ Օրինակ, Կամբոջայի հետ ստորագրված «Փոխըմբռնման հուշագրի» կյանքի կոչման արդյունքում, ըստ ԵՏՀ-ի տվյալների, զգալիորեն աճել է փոխադարձ առևտրաշրջանառությունը։ Նույնը կարելի է ասել նաև Մոնղոլիայի մասին։ Շարունակվում է համագործակցության տարբեր ձևաչափերի մշակումը Չինաստանի, Սինգապուրի, Ֆիլիպինների, Թայլանդի, Տաջիկստանի, Սերբիայի, Հորդանանի, Քենիայի և այլ երկրների հետ։

ԵԱՏՄ-ի համար համագործակցության կարևոր ուղղություն է Եվրոպական միությունը։ ԵԱՏՄ-ից շարունակում են հնչել «խորը և հավակնոտ» համագործակցության պատրաստակամության վերաբերյալ թեզեր, ինչպես նաև շեշտվում է ուղղակի և կայուն երկխոսության ապահովման անհրաժեշտությունը։ ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության խթանման տեսանկյունից բավական կարևոր է նաև ԵՄ առանձին անդամների հետ երկխոսության հաստատումը, ինչը 2018թ․-ին տեղի ունեցավ Ավստրիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի և Հունաստանի դեպքում։ Պետք է նշել, որ ԵՄ-ի հետ փոխգործակցությունն առանձնակի կարևորություն ունի նաև Հայաստանի համար, որն ունի բավականաչափ ներուժ՝ դառնալու «կապող օղակ» երկու ինտեգրացիոն տարածքների միջև՝ հաշվի առնելով 2017թ․ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ընձեռած հնարավորությունները, որն այժմ գտնվում է պայմանական կիրակման փուլում։ Հայաստանը կարող է ակտիվ դերակատարում ունենալ ԵԱՏՄ-ԵՄ փոխգործակցության հնարավորությունների վերհանման և համագործակցության հարթակի տրամադրման գործում՝ սկսելով, օրինակ, գործարար շրջանակներից։

ԵԱՏՄ-ի համար համագործակցության առանցքային ուղղություններից է Իրանը։ Միության հետ փոխգործակցության սերտացումն իր հերթին Իրանին թույլ կտա որոշակիորեն մեղմել ամերիկյան պատժամիջոցների տնտեսական հետևանքները։ Այս համատեքստում հատկանշական էր 2018թ․ մայիսի 17-ին Իրանի հետ «Ժամանակավոր համաձայնագրի» ստորագրումը, որն ուղղված է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու հաստատմանը։ Սա հատկապես կարևոր է Հայաստանի համար այն տեսանկյունից, որ Հայաստանը միակ երկիրն է, որ ունի ցամաքային սահման Իսլամական Հանրապետության հետ, ինչը կարող է նպաստել ինչպես ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների խորացմանը, այնպես էլ Հայաստանի տնտեսական զարգացմանը։ Այս առումով կարևոր է, օրինակ, «Մեղրիի» ազատ տնտեսական գոտու ներգրավումը, ինչը հնարավորություն է տալիս համատեղ արտադրանք հիմնել։ Իր հերթին Իրանը հայկական արտադրանքի սպառման համան նոր ու բավական մեծ շուկա կարող է դառնալ։ Համաձայնագիրն առայժմ գտնվում է վավերացման փուլում, և կողմերը վստահություն են հայտնում, որ 2019թ․ այն կսկսի գործել։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ Իրանի հետ բանակցությունների վարման և հաջողության գործում զգալի դերակատարում է ունեցել Հայաստանը։ Հաշվի առնելով այս հաջող փորձը՝ Հայաստանը պատրաստվում է ստանձնել նաև Եգիպտոսի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ նախատեսվող բանակցությունների անցկացումը, որոնք, ըստ նախնական գնահատականների, ակտիվ փուլ կմտնեն 2019թ․։

Միջազգային գործընկերների հետ համագործակցության հարցերում ակտիվությունից զատ՝ Հայաստանը հաջորդ տարի կարող է լուրջ նախաձեռնողականություն դրսևորել նաև ԵԱՏՄ օրակարգի ձևավորման գործում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019թ․-ի հունվարի 1-ից ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը կանցնի Հայաստանին։ Այս համատեքստում կարող ենք ենթադրել, որ հաջորդ տարում ԵԱՏՄ-ում Հայաստանի գերակայությունների շարքում կլինեն Միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալների աճը, դրանց խոչընդոտների վերացումը, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը, տնտեսության թվայնացման գործընթացը և այլն, որոնք, ըստ էության, շարունակում են նախորդ տարիներին կառույցի գերակայությունների տրամաբանությունը։ Բացի այդ, Հայաստանի համար գերակա հարց կարող է լինել, օրինակ, ԵԱՏՄ իրավական բազայի կատարելագործումը, այդ թվում՝ «ԵԱՏՄ-ի մասին» պայմանագրի դրույթների։ Սա հատկապես կարևորվում է Հայաստանի կողմից՝ հաշվի առնելով մեր երկրում իրականացված սահմանադրական փոփոխությունները և անցումը խորհրդարանական կառավարման համակարգի։ Մասնավորապես, ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի ներկայացվածության հարցն իրավական առումով բավական խնդրահարույց է։ Բանն այն է, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո ՀՀ վարչապետը, ելնելով նոր կարգավիճակից, լիազորված է մասնակցել ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի աշխատանքներին, այսինքն՝ անդամ երկրների ղեկավարների ձևաչափում, իսկ «ԵԱՏՄ-ի մասին» պայմանագրով տվյալ ձևաչափին նախատեսվում է նախագահների մասնակցություն։ Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է նման հանդիպման, իսկ հուլիսին՝ նաև Միջկառավարական խորհրդի նիստին (հետագա հանդիպումներին՝ փոխվարչապետը)։ Վարչապետի մասնակցությունը ԵԱՏՄ աշխատանքներին երկու ձևաչափում էլ պայմանավորված էր կառույցի աշխատանքների արդյունավետությանը չվնասելու նկատառումներով։ Այնուամենայնիվ, խնդիրը շարունակում է մնալ քննարկման առարկա, և, հավանաբար, լուծում կստանա հաջորդ տարվա ընթացքում։

Այսպիսով, 2018թ․-ին Ռուսաստանի նախագահությամբ ԵԱՏՄ-ն շարունակեց ինտեգրացիայի խորացման, միջազգային գործընկերների հետ համագործակցության ապահովման և ռազմավարական նշանակության այլ առաջնահերթությունների իրականացումը։ Կարևոր էր նաև տարբեր ոլորտներում նախանշված քայլերի կյանքի կոչումը, ինչը հիմք է հանդիսանում ԵԱՏՄ-ի կայուն զարգացման համար։ Ռոտացիոն հիմքով Հայաստանը 2019թ․ կստանձնի նախագահությունը ԵԱՏՄ մարմիններում, ինչը լավ հնարավորություն է տալիս որոշակիորեն մեծացնել կառույցում Հայաստանի դերակատարումը, ազդել կառույցի օրակարգի ձևավորման վրա, առաջ մղել Հայաստանի առաջնահերթությունները, լինելով ավելի նախաձեռնող՝ նպաստել ոչ միայն կառույցի զարգացմանը, այլև դրա միջոցով ընդլայնել Հայաստանի հնարավորությունները։

Վարդուհի Հարությունյան

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88