ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԲԱՇԱՐ ԱԼ ԱՍԱԴԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ՍԻՐԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ` հունիսի 17-ին, «Գոլդեն Փալաս» հյուրանոցային համալիրում` Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի կեցավայրում հանդիպում է ունեցել նախագահ Բաշշար Հաֆեզ ալ-Ասադիի հետ։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել են երկու երկրների ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ պատմամշակութային ընդհանրությունները, Երեւանի եւ Դամասկոսի միջեւ ստեղծված հարաբերությունները եւ դրանց զարգացման հեռանկարները։
Կառավարության ղեկավարի խոսքով առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, տնտեսական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ կարեւոր անելիքներ ունի հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովը, իսկ գործարար շփումների ակտիվացման համար նոր խթան կհանդիսանա Հայ-սիրիական բիզնես ֆորումը։
Հանդիպումն անցել է ջերմ, բարեկամական մթնոլորտում։