
ԱՄՀ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆԱ-ՅԻ ԱՆԿՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ԿԿԱԶՄԻ 9.5%
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն` Հայաստանի համախառն ներքին արդյունքի ցուցանիշի նվազումն այս տարեվերջին երկնիշ թվով չի լինի եւ կկազմի 9.5 տոկոս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանիդպման ժամանակ նշեց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը` միաժամանակ ասելով, որ որոշ գործոններով պայմանավորված` այս ցուցանիշը կարող է նվազել կամ ավելանալ: Նա մտահոգիչ համարեց ՀՆԱ-ի ցուցանիշի անկումը` նշելով, որ դա սերտորեն փոխկապակցված է շինարարության ոլորտի ցուցանիշների նվազման հետ:
Ն.Օմեսը հուսադրող համարեց այն, որ համաշխարհային շուկայում պղնիձի գներն աճում են, ինչը դրական ազդակներ է տալիս: Մասնագետի խոսքով` համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում այս տարվա առաջին հինգ ամիսներին նկատվել են զգալի բացասական ցուցանիշներ: Առաջին հեթին շինարարության ծավալը նվազել է 56, արտահանումը` 48 տոկոսով: Հայաստանում նաեւ հարկային եկամուտների նվազում է նկատվում: Հետեւաբար ԱՄՀ-ն խորհուրդ է տալիս ճգնաժամի պայմաններում գործարարների մոտ անցկացվող անտեղի ստուգումներից զերծ մնալ: Դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների հոսքի նվազումը նույնպես զգալի է: Ըստ Ն.Օմեսի` նավթի գների նվազմամբ պայմանավորված` Ռուսաստանում ճգնաժամը խորացել է, ինչն էլ բացասաբար է ազդել Ռուսաստանում աշխատող հայերի աշխատավարձի վրա: Նրանցից շատերը կորցրել են աշխատանքը եւ ետ վերադարձել հայրենիք: