ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՒԺԵՂԱՑՎՈՒՄ Է ՀԴՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Սյունիքի մարզում այսօր տեղի ունեցած արտագնա նիստի ընթացքում գործադիրը ՀԴՄ կիրառման հսկողության ուժեղացման համար ընդունել է երկու որոշում։ Դրանցից մեկով լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 14-ի «Բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրության եւ (կամ) վաճառքի լիցենզավորման կարգը եւ լիցենզիայի ձեւը հաստատելու մասին» որոշման մեջ, ինչը թելադրված է ՀՀ վարչապետի 2009թ. փետրվարի 2-ի «Գործունեության առանձին ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու մասին» որոշմամբ։ Նույն պատճառաբանությամբ լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 11-ի «Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման լիցենզավորման կարգը եւ լիցենզիայի ձեւը հաստատելու մասին» որոշման մեջ։
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաեւ արտադրանքի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետ կազմակերպման նպատակով ՀՀ կառավարությունը պետական եկամուտների կոմիտեի նախագահին պարտավորեցրել է առցանց ռեժիմով ՀՀ էկոնոմիկայի նախարարին տրամադրել ամենօրյա թարմացմամբ տեղեկատվություն ՀՀ ներմուծված եւ իրացման փուլում համապատասխանության հավաստման ենթակա ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մի շարք ծածկագրերին դասվող ապրանքների վերաբերյալ։