ՃԳՆԱԺԱՄ – ԹՎՈՎ 55 ՊԵՏԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿ
ՀՀ պետբյուջեից այս տարվա սկզբին ՀՀ քաղաքաշինության նախարարությանը պետական 289 օբյեկտների շինաշխատանքների համար հատկացված էր 22 մլրդ 054 մլն դրամ, սակայն ծրագրերի վերանայման արդյունքում գումարի չափը կրճատվել է` սահմանվելով 12 մլրդ 155 մլնդրամ: ՀՀ քաղաքաշինության նախարարության շինարարության քաղաքականության վարչության պետ Գոռ Քամալյանը «Բիզնես 24»-ին տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ շինարարական որոշ ծրագրեր կիրականացվեն չորրորդ եռամսյակում: Մասնավորապես, չորրորդ եռամսյակ են տեղափոխվել 55 օբյեկտների շինաշխատանքներ:
Ըստ Գ.Քամալյանի` շինաշխատանքների մասով հայտարարված մրցույթները գրեթե ավարտվել են, 218 օբյեկտներում աշխատանքներն ընթացքի մեջ են: Չորրորդ եռամսյակ են տեղափոխվել առողջապահական, մշակութային եւ մարզական օբեկտների շինաշխատանքները: Հանրակրթական օբյեկտների մասով որեւէ կասեցում չի եղել: Այդ հաստատությունների շինաշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, բյուջետային ֆինանսավորման հատկացման մասով ուշացումներ չեն եղել: