ՏՈՒՐԻԶՄԻ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում հանդիպել է ավելի քան երկու տասնյակ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ, քննարկել զբոսաշրջությանը վերաբերող խնդիրներ։
Հանդիպման ընթացքում կարեւորվել են Հայաստանում տուրիզմի զարգացման նպատակով միասնական պետական քաղաքականության առավել հստակեցումը, ներքին տուրիզմի աշխարհագրության ընդլայնումը, ենթակառուցվածքների բարելավումը, սոցիալական համապատասխան երաշխիքների ապահովումը, ոլորտում հարկային վարչարարության արդյունավետ իրականացումն ու տուրիզմի մշակույթի արմատավորումը։
Մասնակիցների քննարկմանն է ներկայացվել «Ցածրաբյուջե հանգիստ եւ շրջապտույտներ Արցախում» փաթեթը, ըստ որի նախատեսվում է ակտիվացնել զբոսաշրջիկների հոսքը Արցախ, ինչը կնպաստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մի շարք առումներով հեռանկարային զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։
Քննարկման արդյունքում առաջարկվել է կազմակերպել եռօրյա ճանաչողական այց ԼՂՀ, առավել մանրամասն ծանոթանալ երկրի հնարավորություններին եւ զբոսաշրջության զարգացման հեռանկարներին։