ԻՆՉ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ԳԵՐՄԱՆԱՑԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ
Հուլիսի 6-ից Հայաստանում գտնվող գերմանիական գործարար պատվիրակությունը լրջորեն ուսումնասիրում է ՀՀ ներքին շուկան: Նպատակն է` ակտիվացնելու տնտեսական կապերը 2 երկրների միջեւ: Հայաստանում գտնվող գործարարները հանդիպումներ են ունենում հայ գործարարների հետ, ծանոթանում նրանց գործունեության ոլորտին, ստեղծում գործարար կապեր եւ հետագա համագործակցության ծավալման պայմանավորվածություններ:
Հայաստանում գերմանական ընկերությունների համար գործունեություն ծավալելու լայն հնարավորություններ կան բարձր տեխնոլոգիաների եւ քարերի արդյունաբերության ոլորտներում: Գերմանական պատվիրակությունն առաջին անգամ է Հայաստանում, եւ ակնկալվում է այդպիսով ակտիվացնել երկկողմ կապերը, համաշխարհային ֆինանսատնտեսական հարաբերությունների ներկա փուլում ստեղծել առեւտրաշրջանառության ծավալների ավելացման նոր հնարավորություններ: Ըստ գնահատումների` մինչեւ 2010-ի վերջը հնարավոր կլինի ապրանքաշրջանառությունն ավելացնել մինեւ 5 տոկոս:
2008թ-ի Հայաստանի եւ Գերմանիայի առեւտրաշրջանառության ծավալը 450 միլիոն դոլար է, արտահանումը` մոտ 200 միլիոն: Չնայած առեւտրաշրջանառության հաշվեկշիռը բացասական է, սակայն նախորդ տարի 2007-ի համեմատ ծավալներն աճել են: Հայաստանից Գերմանիա արտահանվում են երկաթի համահալվածք, մոլիբդեն, չզտած պղինձ, ալյումինե նրբաթիթեղ, սինթետիկ կաուչուկ, քիմիական թելեր, գործվածքեղեն, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, այլ ապրանքներ: Գերմանիայից Հայաստան ներմուծվում են կաթնամթերք, ընտանի թռչուններ, բանջարեղեն, շոկոլադ, սուրճի եւ թեյի խտանյութ, ածիկային գարեջուր, կենդանիների կեր, ծխախոտ, նավթ եւ նավթամթերք, դեղորայք, ներկեր, լաքեր, գիրք, խողովակներ, մետաղակոնստրուկցիա, կենցաղային սարքավորումներ, մետաղամշակման հաստոցներ, ավտոմեքենա եւ այլն: