
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 0,2% ԱՆԿՈՒՄ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2009թ. հունվար-նոյեմբերին, ընթացիկ գներով, բոլոր համայնքներից և գյուղատնտեսությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների, ինչպես նաև գյուղատնտեսության վիճակագրական ընտրանքային դիտարկման ցանցում ընդգրկված 7638 գյուղացիական տնտեսություններից ստացված հարցաթերթերի տվյալներով, կազմել է 515.2 մլրդ դրամ, որը 2008թ. համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշի մակարդակը զիջել է 0.2 %-ով (համադրելի գներով):
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից` հաշվետու ամիսների ընթացքում ՀՀ բուսաբուծության ոլորտում գրանցվել է համախառն արտադրանքի 0,2% աճ, իսկ անասնաբուծության ոլորտի համախառն արտադրանքի ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 0,9%-ով:
Նշենք նաև, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը 2009թ. հուլիս-սեպտեմբերին գյուղատնտեսության ընտրանքային դիտարկման ցանցում ընդգրկված 201 գյուղական համայնքների 7638 գյուղացիական տնտեսություններում անց է կացրել հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի որակի հետազոտություն: Հետազոտված տնտեսություններում բերքահավաքի ընթացքում հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններից կորուստները մեկ հեկտարից կազմել են 134.4 կգ, որը կազմում է տվյալ տնտեսություններում ստացված հացահատիկային մշակաբույսերի միջին բերքատվության 6.3 %-ը:
Ըստ հետազոտության ամփոփ արդյունքների, հանրապետությունում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքում կորուստներն կազմել են մոտ 22.6 հազ. տոննա կամ ընթացիկ տարում արտադրված հացահատիկային մշակաբույսերի համախառն բերքի 6.1 %-ը: