ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՏՈՄԱՅԻՆ ՆՈՐ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ ԿԱՐԺԵՆԱ 4.5 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Հայաստանի ատոմային նոր էներգաբլոկի կառուցումը կպահանջի 4.5 մլրդ ԱՄՆ դոլար: Նախկին հաշվարկներով այդ թիվը կազմել էր 800 մլն ԱՄՆ դոլար, սակայն ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր պատասխանելով լրագրողների հարցին` ասաց, որ մի շարք գործոններ ստիպել են նոր հաշվարկներ իրականացնել:
«Միջազգային շուկայում կտրուկ աճել են համապատասխան մետաղների գները, աշխարհում ատոմային կայանների հանդեպ պահանջարկը մեծացել է: Շուրջ 50 նոր միջուկային կայանների պատվեր կա աշխարհում, ինչը բերում է սարքավորումների թանկացման, իրագործման ժամկետների երկարացման»,- տեղեկացրեց նա:
Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման կառավարման մրցույթում հաղթող ճանաչված «Worley Parsons» միջազգային կոնսորցիումը Հայաստանում կհիմնի ընկերություն, որի բաժնետոմսերի 25 տոկոսը, պլուս մեկ բաժնետոմսը կանցնի ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինը եւս մասնակցի նոր ատոմակայանի կառավարման գործընթացին: Ա.Մովսիսյանի խոսքով` սա հնարավորություն կտա ապահովել գործընթացի թափանցիկությունը: ՀՀ կառավարության եւ «Worley Parsons»-ի միջեւ արդեն կնքել է 459.7 մլն դոլարի չափով պայմանագիր, որի շրջանակներում մի շարք աշխատանքներ կիրականացվեն:
Նախատեսվում է, որ նոր կայանը կունենա մինչեւ 1200 մեգավատ հզորություն, անվտանգության պասիվ համակարգ, միջուկային վառելիքի վերաբեռնման առնվազն 18-ամսյա ժամկետ: Ներկայիս գործող ատոմակայանի հզորությունն ընդամենը 400 մեգավատ է: