ԱՌԱՎԵԼ ՇԱՏ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՄՆ-ԻՑ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում հանրապետություն ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվի 35.7%-ը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին, մասնավորապես հաշվետու ժամանակահատվածում Ֆրանսիայից ժամանած զբոսաշրջիկների տեսակարար կշիռը զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակում կազմում է 13.0%, Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկներինը` 6.6%: Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Եվրամիության երկրներից ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակը կրճատվել է 25.4%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկների տեսակարար կշիռը զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակում կազմում է 17.8%, իսկ նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատությամբ ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակը կրճատվել է 24.7%-ով:
Նշենք նաև, որ հաշվետու ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել է Իրանից և Թուրքիայից ժամանած զբոսաշրջիկների թվաքանակի աճ` համապատասխանաբար 16.7%-ով և 61.8%-ով, ընդ որում ՀՀ ժամանած զբոսաշրջիկների 9.3%-ը բաժին է ընկնում Իրանին, իսկ 1.3%-ը` Թուրքիային: