ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆԸ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՀՆԱ-Ի ԱՆԿՈՒՄ 15%-ՈՎ
ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը երեկ լրագրողների հետ կայացած հանդիպման շրջանակներում անդրադարձել է ճգնաժամի պայմաններում Հայաստանի տնտեսությանը բնորոշ միտումներին և նշել, որ մեր երկրում ՀՆԱ-ի անկումը պայմանավորված է ոչ միայն շինարարության ընդհանուր ծավալների անկմամբ, այլև արդյունաբերության ոլորտում գրանցված բացասական գործոններով: ԿԲ նախկին նախագահի կանխատեսմամբ 2009 թվականի արդյունքներով Հայաստանում կգարցվի ՀՆԱ-ի անկում շուրջ 15%-ով:
Բագրատ Ասատրյանն, անդրադառնալով արդյունաբերության ոլորտում առկա խնդիրներին, նշել է, որ նախորդ տարվա ընթացքում արդյունաբերության ծավալների անկման պատճառ հանդիսացող գործոնները, մասնավորապես համաշխարհային շուկայում մետաղների գների տատանումները, ներկայումս բացակայում են, սակայն Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող անկառավարելի և ստվերային գործընթացներն իրենց բացասական ազդեցություն են ունենում տնտեսության բոլոր ճյուղերի վրա:
Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման հարցին` Բագրատ Ասատրյանը նշել է, որ Հայաստանն, ընդհանուր առմամբ, կշահի սահմանների բացումից, սակայն կարճաժամկետ հատվածում տնտեսական դժվարություններն անխուսափելի են: