ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ-ԻՑ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 62%-ՈՎ
Երեկ` հուլիսի 13-ին, տեղի ունեցավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի մամուլի ասուլիսը: Նախարարը ներկայացրեց անցած կիսամյակի ընթացքում էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում արձանագրված ցուցանիշները:
Այսպես, վիճակագրության համաձայն՝ անցած 6 ամիսների ընթացքում Հանրապետությունում արտադրվել է 3 մլրդ 721 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը 16 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Միևնույն ժամանակ, անցած կիսամյակի ընթացքում էլեկտրաէներգիայի ներքին սպառումը 47,45 տոկոսով ավել է եղել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Այդ թվում` բնակչության ծախսը ավելացել է 11 տոկոսով, փոքր և միջին բիզնեսի ծախսը` 18 տոկոսով: Ոռոգման և խմելու ջրի համակարգերի էլեկտրաէներգիայի սպառումը անցած կիսամյակի ընթացքում նվազել է 26 տոկոսով:
Անցած 6 ամիսների ընթացքում էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը 62 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
Հաշվետու ժամանակահատվածում լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել նաև հանքարդյունաբերության ոլորտում: Այսպես, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանքաքարի արդյունահանման ծավալները, բնեղեն արտահայտությամբ, աճել են 104,9 տոկոսով: