
ԲԱՐԵՓՈԽՎՈՒՄ ԵՆ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԸՆՏԱՆԻՔԻՆ` ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ» ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Այսօր` նոյեմբերի 11-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում, «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը մի շարք փոփոխություններ և լրացումներ է կատարել 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման հավելվածում։ Անցած ժամանակահատվածում ծրագրի կիրառման ընթացքում կատարված վերլուծությունների, հետազոտությունների և քննարկումների արդյունքում հստակեցվել են ծրագրի պայմանները, դյուրինացվել վարկերի ձեռքբերումը մարզերում։ Կատարվել է «երիտասարդ միայնակ ծնող» հասկացության սահմանումը, իրականացվել է ՀՀ մարզերում բնակարանի ձեռքբերման համար տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի չափի փոփոխություն` լրացուցիչ գրավի դիմաց, ինչպես նաև ավելացել է պետության կողմից սուբսիդավորվող տոկոսի չափը։
Նշելով, որ այս մոտեցումը համահունչ է կառավարության տարածքային համաչափ զարգացման հայեցակարգին, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք պետք է խթանենք, որպեսզի վարկերն առաջին հերթին հասանելի լինեն մարզերում, համայնքներում։ Այսօր գաղտնիք չէ, որ հիմնականում, մանավանդ հիփոթեքային վարկերը տրամադրվում են Երևան քաղաքում, քանի որ այստեղ ռիսկայնությունն ավելի կառավարելի է առևտրային բանկերի համար և կան իրացվելիք գույքային պարտավորություններ, ինչը չի կարելի ասել մարզերի և համայնքների մասին։ Սրանով մենք ավելի բարենպաստ պայմաններ ենք ստեղծում, որպեսզի հիփոթեքային վարկերից օգտվեն մարզերում, համայնքերում ավելի արտոնյալ պայմաններով։ Մենք նաև երիտասարդական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ խոստացել էինք, որ պետք է պետության օժանդակությունն ավելացնենք հիփոթեքային վարկավորման առումով։ Այս որոշումով մենք, ըստ էության, մեր պարտավորությունն ու խոստումը կատարում ենք»։
Նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ այդ փոփոխություններն էական աջակցություն են պետության կողմից։ Նախարարության հաշվարկներով, հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքը մարզերում այսուհետև կկազմի 6.5-7 տոկոս, որը, Տիգրան Դավթյանի գնահատմամբ, բավականին լավ տոկոսադրույք է, այդ թվում նաև միջազգային չափանիշներով։
«Երբ կառավարությունը մի քանի ամիս առաջ հաստատեց այդ ծրագիրը, մենք ասացինք, որ սահմանելու ենք համապատասխան չափանիշներ, սակայն այդ չափանիշները, կախված ծրագրի իրականացման գործընթացից, պարբերաբար կճշգրտվեն և կհամապատասխանեցվեն այն պահանջարկին, որը կառաջանա այս կամ այն պահին»,- ասել է նախարարը` հավելելով, որ ծրագիրն ամբողջ ծավալով է իրականացվում և ներկայում 1,1 մլրդ դրամ ծավալի վերաֆինանսավորում է իրականացվել, որի արդյունքում այս ծրագրի շրջանակում արդեն կան 137 տրամադրված վարկեր։ Տիգրան Դավթյանի խոսքով` ծրագիրը կայացել է, և ամսեամիս օգտվողների շրջանակն ավելի է ընդլայնվում։
«Այսօրվա փոփոխություններն ուղղված են մարզերում այս գործընթացն ավելի ակտիվացնելուն։ Այս 137 վարկերի շրջանակներում, ինչպես և ենթադրում էինք, հիմնական ծանրաբեռնվածությունը դեպի Երևան էր տեղափոխվել, և մարզերի` այդ ծրագրում ընդգրկվածությունը բավարար չէր. 99 վարկ տրամադրվել է մայրաքաղաքի երիտասարդներին, 38-ը` մարզի բնակիչներին։ Այս ցուցանիշը մեզ չի կարող գոհացնել։ Այսօրվա որոշման նպատակը մարզերի համար լրացուցիչ խթաններ և լրացուցիչ` ավելի լավ պայմաններ ստեղծելն է։ Այս փոփոխությունները համապատասխանում են մեր կառավարության վարած քաղաքականությանը, որի հիմնական նպատակն է համայքների հավասարաչափ զարգացումը»,- ասել է նախարարը։