ԿԱՅԱՑԵԼ Է ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նիստում ի գիտություն է ընդունվել Հայաստանում բլոկմոդուլային քիմիական արտադրության զարգացման վերաբերյալ զեկույցը: Հանձնարարական է տրվել մշակել և խորհրդին ներկայացնել բլոկմոդուլային քիմիական արտադրության զարգացման բիզնես-ծրագիր:
Վարչապետը կարևորել է Հայաստանում քիմիական արդյունաբերության զարգացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը և հանձնարարել ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում կմշակի և խորհրդին կներկայացնի Հայաստանում փոքր ու միջին քիմիայի զարգացման ծրագիր:
Արծարծվել են նաև Գիտատեխնիկական խորհրդի գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր: Մասնավորապես, խորհրդի քարտուղար է ընտրվել «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը:
Մեկ այլ հարցով խորհրդի անդամները ներկայացրել են առաջարկություններ առաջիկա նիստում քննարկվելիք հարցերի վերաբերյալ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է հնչեցված հարցերն ու առաջարկությունները ներկայացնել խորհրդի քարտուղարին: